Jump to content

Հունաստանի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունաստանի հայկական տպագրություն, հայկական տպագրություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքում 1890-ական թվականների վերջերից գործել է «Հայկական ազատ» տպարանը, որտեղ տպագրվել են Ավետիս Նազարբեկի (Լեռենց) «Փախստականը» (1891 թվական), «Աւազակը» (1892 թվական), «Մարտում» (1893 թվական) պոեմները, Ակնյանցի «Հայերն Ամերիկայում» (1893 թվական), Լյուիս Ֆերդինանդի «Սահմանադրութեան էութեան մասին» (1893 թվական), «Բռնութեան դէմ, Գաղատիայի դատավարութիւնը» (1894 թվական) և այլ երկեր։ «Միություն» տպարանում լույս են ընծայվել «Նուագներ» (1898 թվական) չափածո ժողովածուները։

Հունաստանում առաջին հայկական պարբերականը՝ «Ասպարէզը», լույս է տեսել 1890 թվականին Աթենքում։ Ցայսօր Հունաստանում հրատարակվել են շուրջ 67 անուն հայկական օրաթերթեր և ամսագրեր, որոնց զգալի մասը կարճատև կյանք է ունեցել։ Կարևոր պարբերականներից են Հայ Յեղափոխական Դաշնակցության «Դրօշակ» պաշտոնաթերթը (1891 թվականին և 1969-1985 թվականներին՝ Աթենքում), ռամկավարների «Նոր ալիք» (1924–1928 թվականներ), «Արեւելք» (1939-1936 թվականներ, երկուսն էլ՝ Սալոնիկում), «Արամազդ» (1934-1936 թվականներ), «Երկիր» (1957-1968 թվականներ), հնչակյանների «Հնչակ» (1891-1894 թվականներ), «Երկունք» (1922-1923 թվականներ, չորսն էլ՝ Աթենքում), կոմունիստների «Աշխատանք» (1926-1927 թվականներին՝ Սալոնիկում), «Ժողովուրդի ձայն» (1930-1931 թվականներ), «Նոր շարժում» (1931-1934 թվականներ, երկուսն էլ՝ Աթենքում) թերթերը, ինչպես նաև գրական և մշակութային «Արեւագալ» (1937-1939 թվականներ), «Հայ գիր» (1946 թվական) պարբերաթերթերը, մարզական «Նոր սերունդ» (1926-1929 թվականներ), բժշկաառողջապահական և գրական «Օլիմպոս» (1926-1928 թվականներ, բոլորը՝ Աթենքում) հանդեսները և այլն։

Ներկայում լույս են տեսնում Ռամկավար ազատական կուսակցության շրջանային վարչության պաշտոնական «Նոր աշխարհ» շաբաթաթերթը (1968 թվականից, Աթենք), Հայ Յեղափոխական Դաշնակցության պատասխանատու մարմնի պաշտոնական «Ազատ օր» օրաթերթը (1945 թվականից, Աթենք)՝ «Արմենիկա խրոնիկա» հունական հավելվածով, կրոնական «Շողակաթ» (1990 թվականից) և ուսանողական «Երիտասարդական կանչ» (1995 թվականից, երկուսն էլ՝ Կոմոտինի) պարբերաթերթերը, «Հայաստան» ամսաթերթը (2001 թվականից, Աթենք), «Էլլինո Արմենիկա» եռամսյա հանդեսը (1991 թվականից, Աթենք, հունական) և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալպօյաճեան Ա., Պատմութիւն հայ գաղթականութեան, հ. 1–3, Կահիրե, 1941–61։
  • Աբրահամյան Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1, 2, Ե., 1964, 1967։
  • Կոկինոս Պ., Հունահայ գաղութի պատմությունից (1918–1927), Ե., 1965։
  • Հայ մամուլը Յունաստանի մէջ [Աթենք], 2009
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։