Հունաստանի առաջին էպիդավրոսյան ժողով

Հունաստանի առաջին էպիդավրոսյան ժողով (հունարեն՝ Αʹ Εθνοσυνέλευση της Επιδαύρου), ազգային-ազատագրական պայքարի հաղթանակի արդյունքում ստեղծված Հունաստանի թագավորության օրենսդիրի առաջին ժողովը, որը տեղի է ունեցել 1822 թվականի հունվարի 1-ին՝ Պելոպոնեսի հյուսիս-արևելքում գտնվող Էպիդավրոս հնագույն քաղաքում։
Առաջին էպիդավրոսյան ժողովի ընթացքում հրապարակվել է Հունաստանի անկախության հռչակագիրը՝ մեծամեծ պաշտոնյաների, ինչպես նաև անկախության պատերազմի ռազմիկների մասնակցությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովը գումարվել է 1821 թվականի վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին Պիադայում (ներկայիս Նեա Էպիդավրոսում)։ Նիստին մասնակցել են Օսմանյան կայսրության տիրապետության դեմ կռված հույն հեղափոխականները՝ ըստ տարածաշրջանային ներկայացուցչությունների։
Ներկաների թվում էին նաև ազդեցիկ այրեր և պաշտոնյաներ Պելոպոնեսից, Կենտրոնական Հունաստանից և կղզիներից, ինչպես նաև պանարիոտներ և գիտնականներ։ Հարկ է նշել, որ ազգային-ազատագրական շարժման որոշ գործիչներ ձևավորված կառավարությունից դժգոհ հրաժարվում են մասնակցել օրենսդիրի անդրանիկ նիստին (այդ թվում՝ Ալեքսանդրոս Իփսիլանտիսը)։ Ընդհանուր հաշվով՝ ազգային ժողովի մեջ ներառված են եղել 59 այրեր․ 20 հողատերեր, 13 նավատերեր, 12 մտավորականներ, 4 ռազմական գործիչներ, 3 արխիպրեսվիտերոսներ (հոգևոր գործիչ), 3 վաճառականներ և 4 այլ անձիք։
Հունաստանի առաջին էպիդավրոսյան ժողովի կողմից ընդունվել են բազմաթիվ կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝
- Հունաստանի պայմանական վարչակարգը (Προσωρινό Πολίτευμα της Ελλάδος), որը շատ հաճախ անվանում են նաև «Հունաստանի ժամանակավոր սահմանադրություն»։
- Հունաստանի թագավորության անկախության հռչակագիրը՝ սահմանադրության առնչությամբ։
1822 թվականի հունվարի 15-ին ժողովը գործադիրի նախագահ ընտրում է Ալեքսանդրոս Մավրոկորդատոսին, ում ձեռքում էլ կենտրոնանում է Հունաստանի կառավարությունը։ Գործադիրն իր հերթին ձևավորում է անդրանիկ կառավարություն՝ 8 անկախ նախարարություններով։
Հետաքրքրական է այն փաստը, որ նիստի ժամանակ և ոչ էլ սահմանադրությունում, չի արծարծվել «Ֆիլիկի էթերիայի» առնչությամբ որևէ հարց, թեպետ կազմակերպության բազմաթիվ անդամներ ստացել են բարձրաստիճան պաշտոններ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Προσωρινή Διοίκησις της Ελλάδος". 1 Ιανουαρίου 1822.
- "Τα ονόματα των μελών του Βουλευτικού Σώματος", άνευ ημερομηνίας.
- Πράξη της Συνέλευσης σχετικά με την οργάνωση του Στρατού. Μάμουκας Ανδρέας, "Τα κατά την Αναγέννησιν της Ελλάδος ... ", 1832, σελ. 37-40.