Հովիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հովիտներ, հոսող ջրի էրոզիոն գործունեության հետևանքով առաջացած, երկայնաձիգ ուղղությամբ ռելիեֆի բացասական ձևեր։ Սովորաբար գոյանում են ամբողջական համակարգերով։ Հովիտների ձևաբանական տարրերն են լանջերն ու հատակը։ Հին հովիտներին բնորոշ է ալյուվիալ նստվածքներով հարթ հատակը։ Հովիտների արմատական ապարներից կազմված լանջերն ունենում են տարբեր բարձրություն, թեքություն ու կառուցվածք։ Հյուսիսային կիսագնդում զառիթափ է, անհամաչափ հովիտների աջ լանջը, հարավային կիսագնդում՝ ձախը։

Հովիտների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիտների տեսակներն ըստ ձևի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացվում են երկայնակի, լայնակի և շեղ հովիտներ։ Երկայնակի հովիտները տարածվում են ապարների շերտերի տարածման ուղղությամբ, զուգահեռ են տեկտոնական կառուցվածքների առանցքին և երկար տարածության վրա պահպանում են իրենց բնույթը (Փամբակի, Ճորոխի, Բրահմապուտրայի և այլն)։ Լայնակի հովիտները տարածվում են տեկտոնական կառուցվածքների առանցքին ուղղահայաց, կարճ տարածության վրա փոխում են իրենց բնույթը և հանդիսանում նեղ, կիրճաձև ու գոգավոր հատվածների հաջորդում (Արփայի հովիտը՝ Արենիից ներքև, Արաքսինը՝ Մեղրի բնակավայրի, Դանուբինը՝ Երկաթե Դարպասների մոտ և այլն)։ Հովիտները լինում են էպիգենետիկ՝ երբ հին ռելիեֆից Ժառանգված հովիտները խաչաձև թաղվել են տեղատարված շերտախմբերի ու մակերևույթների տակից երևան եկած այլ շերտախմբերի և տեկտոնական կառուցվածքների մեջ (Վեդիի հովիտը՝ Դահնակ-Խոսրովասարում, Ախուրյանինը՝ Լենինական—Կապս հատվածում), և անտեցեդենտ՝ երբ հովիտների առաջացումն ուղեկցվում է վայրի տեկտոնական բարձրացմամբ (Արաքսը՝ Ջուլֆայի, Եփրատը՝ Տավրոսի լեռների, Դանուբը՝ Երկաթե Դարպասների տեղամասերում և այլն)։ Լեռնային և հարթավայրային հովիտները տարբեր են։ Լեռնային գետերի հովիտները նեղ են, ունեն մեծ խորություն և երկայնակի կտրվածքի անհամաչափ անկում։ Հարթավայրային գետերի հովիտները լայն են, ունեն աննշան խորություն ու անկում, փոքրաթեք լանջեր։ Վերին մասերում հովիտները հաճախ եզրափակվում են ջրհավաք ձագարներով կամ սառցադաշտային կրկեսներով։ Հովիտների գետաբերանային մասերը հաճախ արտահայտվում են դելտայով, արտաբերման կոնով կամ էստուարով։ Հարթավայրային գետերի ողողատները լավագույն խոտհարքներ են. դարավանդներն օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով։ Լեռնային երկրներում հովիտներում հաճախ հիմնադրում են բնակավայրեր։ Հովիտների լանջերը հաճախ ծածկված են լինում անտառներով։ Հովիտների ձևաբանական վերլուծությունը օգնում է պարզաբանելու տվյալ վայրի երկրաբանական զարգացման նորագույն պատմությունը, հայտնաբերելու ցրոնային հանքավայրեր և ճիշտ եզրակացությունների հանգելու հիդրոտեխնիկական կառույցների նախագծումների ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 551 CC-BY-SA-icon-80x15.png