Jump to content

Հողային աշխատանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողային աշխատանքներ, շինարարական աշխատանքների համալիր, որն ընդգրկում է գրունտի հանումը (մշակումը), տեղափոխումը և որոշակի վայրում զետեղումը։ Երբեմն վերջին պրոցեսն ուղեկցվում է գրունտի հարթմամբ և խտացմամբ։ Հողային աշխատանքները արտադրության, հիդրոտեխնիկական, տրանսպորտային, բնակելի-քաղաքացիական շինարարության կարևորագույն տարրերից են։ Հողային աշխատանքներիի նպատակն է գրունտից ստեղծել ինժեներական կառույցներ (ամբարտակներ, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, ջրանցքներ ), կառուցել շենքերի ու շինվածքների հիմնատակեր, հատակագծել կառուցապատման տեղամասեր, ինչպես նաև հեռացնել հողի զանգվածները՝ օգտակար հանածոների հանքավայրերի բացման համար։ Բաց եղանակով օգտակար հանածոները արդյունահանելու նպատակով տարվող հողային աշխատանքները վերաբերում են հանքային աշխատանքներին։ Տարբերում են բաց (երկրի մակերևույթի վրա կատարվող), ստորգետնյա և ստորջրյա հողային աշխատանքներ։ Ժամանակակից շինարարությունում դրանք համարյա ամբողջապես մեքենայացված են և կատարվում են բարձրարտադրողական մեքենաներով։ Նախապատրաստական և օժանդակ հողային աշխատանքներից են տեղամասի մաքրումը, հողային կառույցների նշահարումը, մակերևութային ջրերի հեռացումը, կառույցների ցամաքուրդների ստեղծումը, հանվածքի պատերի ամրակապումը։ Հողային աշխատանքները հիմնականում տարվում են մեխանիկական, պայթեցման և հիդրոմեխանիկական եղանակներով։ Մեխանիկական եղանակի դեպքում գրունտը մշակվում է հողափոր կամ հողավար տրանսպորտային մեքենաներով (էքսկավատոր, կեռաշերեփ, բուլդոզեր)։ Գրունտը զետեղման վայր է տեղափոխվում անմիջականորեն մշակող մեքենաներով կամ հատուկ փոխադրամիջոցներով (ինքնաթափ ավտոմեքենաներ, երկաթուղային վագոններ, փոխադրիչներ), հարթվում՝ բուլդոզերներով, խտացվում՝ գլդոններով, տոփանիչներով։ Մեխանիկական եղանակն առավել ունիվերսալ է և ամենալայն տարածումն է ստացել։ Իսկ պայթեցման եղանակի դեպքում օգտագործվում է պայթուցիկ նյութերի լիցքերի պայթյունի ուժը՝ գրունտի որոշակի քանակություն անջատելու և այն անհրաժեշտ ուղղությամբ տեղափոխելու նպատակով։ Հաճախ (հատկապես մեծ ծավալի աշխատանքների դեպքում) պայթեցման եղանակը տնտեսական մեծ արդյունք է տալիս։ Իսկ հիդրոմեխանիկական եղանակը (հիդրոմեքենայացում) իրականացվում է հողային զանգվածը ջրաշիթի ճնշումով մշակող ջրանետիչի կամ գրունտը ջրի հետ ներծծող հողածուծ սարքի օգնությամբ։ Հիդրոմեքենայացման դեպքում բոլոր երեք տարրերը (գրունտի մշակում, տեղավւոխում, զետեղում) միանում են անընդհատ պրոցեսում, որն ապահովում է այս եղանակի բարձր արդյունավետությունը։ Կիրառվում են նաև իրար համակցված եղանակներ, օրինակ, մեխանիկական եղանակը՝ պայթեցման, հիդրոմեխանիկական եղանակների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 527