Հնարավորություն և իրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնարավորություն և իրականություն, փիլիսոփայական կատեգորիաներ, որոնք մատերիալիստական դիալեկտիկայի մեջ օգտագործվում են զարգացումը նկարագրելիս։ Իրականությունն առարկաների առկա գոյությունն է՝ ժամանակի և տարածության որոշակի պայմաններում, իրենց ներքին կառուցվածքով, օրինաչափ (էությամբ) և բոլոր դրսևորումներով (երևույթներով) հանդերձ, իսկ հնարավորությունը՝ առարկաներին ներհատուկ զարգացման միտումը։ Ըստ դիալեկտիկայի, զարգացման գաղափարն ինքնին ենթադրում է, որ առարկաները նույնքան օբյեկտիվորեն պարունակում են իրենց հետագա փոխարկումների հնարավորությունը, որքանով որ այդ փոխարկումները պայմանավորված են նրանց ներքին օրինաչափություններով։ Սակայն անցումը հնարավորությունից իրականության դրանով իսկ ի սկզբանե կանխորոշված և միագիծ չէ։ Ամեն առարկա միաժամանակ ներկայացնում է բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող են իրականություն դառնալ դրանցից յուրաքանչյուրի համար որոշակի պայմաններում։ Հնարավորությունը կոչվում է ռեալ (կոնկրետ), երբ կան նրա իրականացման համար անհրաժեշտ ներքին և արտաքին պայմանները, և ձևական (վերացական), քանի դեռ այդ պայմանները չեն որոշակիացել։ Հնարավորություն և իրականություն դիալեկտիկական ըմբռնումը հակադրվում է մետաֆիզիկական-մեխանիստական այն տեսություններին, որոնք զարգացումը դիտում են իբրև հնարավորությունների պարզ ծավալում՝ անտեսելով իրական կեցության որակական տարբերությունը հնարավոր կեցությունից (օրինակ, պրեֆորմիզմ, գիտության կումուլյատիվ զարգացման տեսություն), կամ էլ իրար հաջորդող որակական կացությունները չեն բխեցնում միմյանցից՝ չնկատելով զարգացման անընդհատությունը (օրինակ, «աղետների տեսություն», մշակույթի ցիկլային տեսություն, «գիտական հեղափոխությունների» տեսություն)։ Իմացաբանական առումով հնարավորություն և իրականություն կատեգորիաները կապվում են ճշմարտության կոնկրետության դրույթի հետ, երբ խոսքը զարգացող առարկայի մասին է. հատկապես հասարակության ճանաչողությունը, նրա զարգացման ընթացքի կանխատեսումը և հասարակական գործունեությունը ենթադրում են այն որոշակի պայմանների հաշվառումը, որոնք պայմանավորում են ռեալ հնարավորությունների իրականացումը միանգամայն անհատական, անկրկնելի ձևով։ Հնարավորություն և իրականություն կատեգորիաների հետ է կապված քվանտային մեխանիկայի մեկնաբանություններից մեկը. Վ. Ա. Ֆոկը և Վ. Հայզենբերգը գտնում են, որ քվանտային մեխանիկայի հավանականային օրենքները վերաբերում են ոչ թե փաստորեն տեղի ունեցածին՝ «իրականացածին», այլ «պոտենցիալ հնարավորին»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենին Վ. Ի., Երկրորդ ինտերնացիոնալի կրախը, Երկ., հ. 21։
  • Անանիկյան Կ. Գ., Հնարավորության և իրականության դիալեկտիկան, Ե., 1960։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 463