Հիմարների նավը (նկար, Բոսխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմարների նավը
տեսակգեղանկար
նկարիչՀիերոնիմոս Բոսխ[1]
տարի1500
բարձրություն58 ± 1 սանտիմետր[2]
լայնություն32,5 ± 0,1 սանտիմետր[2]
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության[3]
ժանրայլաբանություն[1]
նյություղաներկ և փայտե տախտակ[1]
գտնվում էհյուսիսային դպրոցի գեղանկարչության համար 8 սենյակ
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[3]
սեփականատերՖրանսիական պետություն
մասն էThe Pilgrimage of Life Triptych?
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/ship-fools-or-satire-debauched-revelers, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E9%98%BF%E5%91%86%E8%88%B9%E3%80%8B, https://www.wga.hu/html/b/bosch/5panels/11shipfo.html կայք
Ծանոթագրություններ
 The Ship of Fools by Hieronymus Bosch Վիքիպահեստում

Հիմարների նավը (ֆր.՝ La Nef des fous), հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի առավել հայտնի կտավներից։ Նկարը եղել է չպահպանված եռապատկերի փեղկի վերին հատվածը, որի ստորին հատվածը ներկայումս համարվում է «Որկրամոլության և ցանկասիրության փոխաբերություն» կտավը։

Նավն ավանդաբար խորհրդանշում է Եկեղեցին, որ հավատացյալներին առաջնորդում է երկնային արքայություն։ Բոսխի կտավում նավում գյուղացիների հետ շվայտությամբ են տարված վանականն ու եկեղեցական երկու կանայք, ինչն ակնարկում է ինչպես Եկեղեցու, այնպես էլ աշխարհիկ կյանքով ապրողների բարքերի անկումը, իսկ թփուտներից նրանց հետևում է բուն։ Միաբան կանանցից մեկը լյուտնյա է նվագում, և երկուսն էլ երգում են, հնարավոր է նաև փորձում են բերանով պատառ պոկել հացից, որ կախված է պարանից։ Ընդ որում, պարանը շարժման մեջ է դնում ձեռքը բարձրացրած մարդը։ Կտավում պատկերված սպիտակ լյուտնյան` մեջտեղում կլորավուն անցքով, հեշտոց է խորհրդանշում, իսկ այն նվագելը` այլասերություն (խորհրդանիշների լեզվում լյուտնյայի` տղամարդուն հատուկ համարժեքը պարկապզուկն է)։ Ցանկասիրության մեղքն են խորհրդանշում նաև ավանդական պարագաները` բալով ափսեն և նավի եզրից կախված գինու մետաղական գավը։ Որկրամոլության մեղքն ուղղակի իմաստով ներկայացված է ուրախ կերուխումի մասնակիցների միջոցով, որոնցից մեկը դանակով ձգված է տապակած խոզի ուղղությամբ, իսկ երրորդը թիավարում է` հսկա շերեփն օգտագործելով թիի տեղ։ Վանականն ու միաբան կինը հափշտակությամբ երգ են երգում` չնկատելով, որ Եկեղեցու նավը վերածվել է հակակետի` Չարի նավի, որը չունի ղեկ և նավում է Դժոխքի ուղղությամբ։ Նավն իր հերթին խիստ արտասովոր հարմարանք է, որի կայմը սաղարթով պատված կենդանի ծառ է, իսկ կոտրած ճյուղը` ղեկ։ Արտահայտվել են կարծիքներ, որ կայմի տեղ ծառայող ծառն առնչվում է այսպես կոչված «մայիսյան ծառի» հետ, որի շուրջ տեղի են ունենում ժողովրդական տոնակատարություններ գարնան գալստյան առթիվ, իսկ գարնանը ինչպես աշխարհիկ մարդիկ, այնպես էլ հոգևորականությունը հակված են բարոյական արգելքներ դնելու։

«Հիմարների նավը», 1790-ական թվականներ, Լուվր, 2-րդ հարկ, 10-րդ սրահ, Փարիզ

Այստեղ ամեն ինչ ղեկավարում է խեղկատակը։ Նրա դերը ժամանակի սովորույթների ու բարքերի սատիրական կերպավորումն է։ Բոսխի ժամանակներում իմաստությունն ընկալվում էր որպես բարեգործություն, բարեպաշտություն և աստվածավախություն, իսկ հիմարությունը հոմանիշ էր մեղքի, անաստվածության ու արատավորության։ Հատկանշական է նկարում հիմարի կերպարը` զանգուլիկներով հագուստով ու դիմակով գավազանով։ Նկարը, որ ներկայացնում էր հոգևորականության ու աշխարհիկ մարդկանց բարոյական ամենաթողությունը, համարել են գաղտնագրված ալքիմիական նշաններ և նմանեցրել Մասլենիցային հատուկ «հարբեցողների դրախտին»` «սուրբ Ռյոյներտի նավին», ինչն ակնարկում են գինու գավն ու շրջված սափորը։ Նկարը մեկնաբանել են նաև կյանքի աբսուրդի հոռետեսական տեսանկյունից, ինչպես նաև որպես մարդկության աստղագիտական կերպար, որ ղեկավարվում է Լուսնի կողմից. այն խորհրդանշում է անբանականությունն ու ամենաթողությունը։

Խեղկատակի կերպարը ստիպել է արվեստի պատմաբաններին կապեր գտնել Բոսխի` Լուվրում պահվող այս նկարի և Սեբաստիան Բրանտի «Հիմարների նավը» գրքի միջև, որը դեռևս հեղինակի կենդանության օրոք վեց անգամ հրատարակվել ու թարգմանվել էր այլ լեզուներով։ Հավանական է, որ Բոսխը ծանոթ է եղել սատիրական այդ գործին, սակայն դժվար թե այն ստեղծագործական ներշնչանք հանդիսացած լիներ նկարչի համար. միջնադարում նավն ամենից տարածված փոխաբերություններից էր։ Նշանավոր գիրքը հոլանդերեն թարգմանությամբ լույս է տեսել 1486 թվականին Հաառլեմում, այդ իսկ պատճառով շատերը ենթարկվում են Բոսխի նկարը որպես գիրքը կարդացած նկարչի ծաղրանմանություն ներկայացնելու գայթակղությանը։

Լուվրում պահպանվում է նույն անվանումով ու կոմպոզիցիայով նկար։ Այն դժվար է համարել էսքիզ կամ ուրվանկար, քանի որ գրեթե ավարտուն տեսք ունի։ Հնարավոր է, այն ստեղծված է եղել փայտագրության վերածելու նպատակով` օրինակ «Ծույլերի նավը» (Schlaraffenschiff) անունով։

Նկարը Լուվրին է նվիրել Քամիլ Բենուան 1818 թվականին։ Ներկայումս կտավը գտնվում է Լուվրի Ռիշելյեի պատկերասրահի երկրորդ հարկում` 10-րդ սրահում։ Նկարի կոդն է` R.F. 2218:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրեվին Կոպլսթոուն, Հիերոնիմոս Բոսխ. Կյանքը և ստեղծագործությունը — М: «Լաբիրինթ - Կ», 1998.
  • Ա. Դևիտինի, Բոսխ — М: ООО «АСТ հրատարակչություն»։ ООО «Աստրել հրատարակչություն», 2002.
  • Դ. Բատիլոտի, Բոսխ — М: «Սպիտակ քաղաք», 2000.
  • Վալտեր Բոզինգ Բոսխ — М: Арт-Родник, 2001.
  • Արտասահմանյան երկրների արվեստի պարտություն, Միջնադար. Վերածնունդ / Под ред. Ц. Г. Нессельштраус. М., 1982
  • Գ. Ի. Ֆոմին, Հիերոնիմոս Բոսխ М., 1974
  • Շ. դե Տոլնայ, Բոսխ М., 1992
  • Գ. Մարտին, Բոսխ М., 1992
  • Կ. Ս. Եգորովա Բոսխի երեք նկար` «Մտածողն ու բնությունը» թեմայով, Խորհրդային արվեստագիտություն, вып. 19. М., 1985
  • Ռ. Խ. Մարեյնիսեն, Պ. Ռայֆելարե, Հիերոնիմոս Բոսխ, գեղարվեստական ժառանգություն М., 1998

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմարների նավը (նկար, Բոսխ)» հոդվածին։