Հեղափոխության նավաստիներին (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հեղափոխության նավաստիներին»
«Հեղափոխության նավաստիներին» հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1980
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆովոռոսիյսկ
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to the Sailors of the Revolution in Novorossiysk Վիքիպահեստում

«Հեղափոխության նավաստիներին» հուշարձան (ռուս.՝ Памятник «Морякам революции»), հուշարձան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում։ Տեղադրվել է 1980 թվականին։ «Քաղաքացիական պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի հերոսներին» հուշահամալիրի մի մասն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի հունիսին Նովոռոսիյսկ քաղաքի մոտ, Ցեմեսկի ծովախորշում, ջրասույզ արվեցին Սևծովյան նավատորմի նավեր։ Դա տեղի ունեցավ Ռուսաստանի համար ծանր ժամանակներում, երբ նոր էր տեղի ունեցել հոկտեմբերյան հեղաշրջումը, և երկրում սկսվել էր հեղափոխության աջակիցների և հակառակորդների ռազմական առճակատումը։ Իրավիճակն ավելի էր բարդացնում այն, որ Ռուսաստանը պատերազմ էր վարում Գերմանիայի հետ։ Օգտագործելով Ռուսաստանի անկայուն վիճակը՝ գերմանական կառավարությունը գրավեց Ուկրաինայի տարածքը։ Գերմանական զորքերը մոտենում էին Ղրիմին, որտեղ Սևաստոպոլում գտնվում էին Սևծովյան նավախմբի նավերը։ Ստեղծված իրավիճակում որոշվեց նավերի մի մասը տեղափոխել Ցեմեսկի ծովախորշ, որտեղ նրանք ավելի ուշ ընկան ծուղակը։ Հակառակորդին չհասնելու համար բոլոր նավերը ջրասույզ արվեցին[2]։

Սևծովյան նավախմբի նավերի մի մասի կորուստը Քաղաքացիական պատերազմի և նավատորմի պատմության սև էջերից է[2]։

Հուշարձանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլրի վրա խոյանում է ծնկի իջած նավաստու 12-մետրանոց քանդակը։ Նավաստին իր հայացքն ուղղել է դեպի անեզերք ծովը։ Նա հանել է անհովար գլխարկը և սեղմել կրծքին։ Հուշարձանը փոխանցում է նավերի կործանման պահին նավաստիների վերապրած բոլոր զգացմունքները[2]։

Գրանիտե հուշարձանը գտնվում է Նովոռոսիյսկ քաղաքից ոչ հեռու, Նովոռոսիյսկ-Գելենջիկ ավտոմայրուղու 12-րդ կիլոմետրին, որը կոչում են նաև «Նովոռոսիյսկի ժապավեն», Ցեմեսկի ծովախորշի ափին։ Տեղադրվել է 1980 թվականին։ Հեղինակներն են ճարտարապետներ Յակով Բելոպոլսկին, Ռոման Կանանինը, Վլադիմիր Խավինը և քանդակագործ Վլադիմիր Ցիգալը[2]։

Ճանապարհի մյուս կողմում, նավաստու դիմաց, գտնվում է դիտահարթակ, որի կենտրոնում պատվանդանի վրա տեղադրված է խորտակվող նավը խորհրդանշող «Խորանարդ»։ Նրա ներսում գունավոր ապակուց և մետաղից հորինվածք է, որը նմանակում է ծովային նշանասյան «Զոհվում եմ, բայց չեմ հանձնվում» դրոշակային ազդանշանը։ Այս ազդանշանը բարձրացվել է ջրասույզ արված բոլոր նավերի վրա[1][2]։

Դիտահարթակի հետևում, քիվապատի վրա, տեղադրված են բրոնզե սլաքավոր ցուցանակներ։ Նրանք ցույց են տալիս ուղղությունը և հեռավորությունը դեպի խորտակված յուրաքանչյուր նավը։ Յուրաքանչյուր սլաքի վրա վերևում գրված է նավի անունը, իսկ կողքին պատկերն է։ Սակայն որոշ ցուցանակների վրա պատկերները բացակայում են, քանի որ նրանց տեսքի մասին որևէ տեղեկություն չի պահպանվել[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памятник морякам Революции «Погибаю, но не сдаюсь» близ Новороссийска».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Памятник «Морякам революции»».