Հելիոէներգետիկան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հելիոէներգետիկայի կանոնավոր հետազոտությունները Հայաստանում սկսվել են 1960-ական թվականներին՝ Հոսանքի աղբյուրների համամիութ, ԳՀԻ-ի՝ 1964 թվականին ստեղծված հայկական բաժանմունքում։ Այստեղ են արտադրվել նախկին ԽՍՀՄ-ում առաջին արևային մարտկոցները, որոնց հիման վրա կառուցվել են մինչև 10 կՎտ հզորության արևային լուսաէլեկտրակայաններ։ Ստեղծվել են 1,5, 2 և 10 կՎտ հզորությամբ բարձրջերմաստիճանային արևային վառարաններ, մշակվել է դրանցով դժվարահալ ու հատուկ նշանակության գերմաքուր նյութերի ջերմալուսասինթեգի տեխնոլոգիա։ Ստեղծվել են կիսահաղորդչային կատալիգորդների միջոցով ջրից ջրածնի ստացման արևակայանքներ։

Թեև արեգակնային տեխնոլոգիաները Հայաստանում զանգվածային կիրառում չեն ստացել, սակայն հանրապետությունում արդեն տեղակայված են տարբեր կառուցվածքային առանձնահատկություններով տասնյակ արեգակնային ջրատաքացուցիչ համակարգեր, որոնք նախատեսված են ջրի տաքացման, լողավազանների ջրատաքացման, սրահների տաքացման և հովացման համար։ Շարունակվում են լուսաէլեկտրահամակարգերի մշակումները։ 1990 թվականին Գյումրիում (Բայրոնի անվան դպրոց) ջեռուցման նպատակով տեղակայվել է խոշորագույն ինքնավար էլեկտրամատակարարման համակարգ։ ԱՊՀ երկրներից առաջինը ՀՀ-ում են իրականացվել գիտատեխնիկական աշխատանքներ՝ ցանցային լուսաէլեկտրակայան ստեղծելու ուղղությամբ։ Շուրջ 10 կՎտ հզորությամբ այս կայանը տեղադրված է Հայ-ամերիկյան առողջապահյան կենտրոնի շենքում։ Շարունակվում են ԳՀ աշխատանքները տարբեր կառուցվածքների հայելիների կիրառմամբ հզոր արեգակնային կայանների և նոր տեսակի բարձրարդյունավետ լուսաէլեկտրափոխակերպիչների մշակման ուղղությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։