Հարձակում ՕՊԵԿ-ի գլխավոր շտաբի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարձակում ՕՊԵԿ-ի գլխավոր շտաբի վրա
Տեսակ Զինված հարձակում, պատանդառություն
Երկիր Ավստրիա
Գրոհի վայր ՕՊԵԿ կենտրոնակայան,
(Վիեննա, Ավստրիա)
Գրոհի նպատակ Պաղեստինյան խնդրի բարձրաձայնում,
աջակցություն Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի
Տարեթիվ Դեկտեմբերի 21, 1975 - դեկտեմբերի 23, 1975-ին
Զենք 2 ինքնաձիգ,
8 ատրճանակ,
ձեռքի 8 նռնակ,
մոտ 20 կգ պայթուցիկ
Զոհվածներ 3
Ահաբեկիչների քանակ 6
Կազմակերպիչներ Իլիչ Սանչես Ռամիրես
Հանց-Յոհիմ Կլայն
Պատանդներ 70, այդ թվում՝ ՕՊԵԿ անդամ երկրների 11 նախարարներ և կենտրոնակայանում գտնվող այլ անձինք
Կոորդինատներ: 48°12′46.440000099992″ հս․ լ. 16°21′43.200000099994″ ավ. ե. / 48.21290000002777276° հս․. լ. 16.36200000002777699° ավ. ե. / 48.21290000002777276; 16.36200000002777699

Հարձակում ՕՊԵԿ-ի գլխավոր շտաբի վրա (կամ Պատանդառություն ՕՊԵԿ-ի գլխավոր գրասենյակում), ահաբեկչական գործողություն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որի թիրախը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ-ի) կենտրոնակայանն էր: Համարվում է 1970-ական թվականների ամենաաղմկահարույց ահաբեկչական գործողություններից մեկը, որը կազմակերպել էր հայտնի միջազգային ահաբեկիչ Իլիչ Սանչես Ռամիրեսը: Գործողությունը տևել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ից 23-ը[1][2]:

Գործողության նպատակ ու խնդիրները, նախապատրաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկչության թիրախը եղել է Վիեննայում տեղակայված Նավթ արտահանող երկրների կազմակերպության կենտրոնակայանը: Գործողության կազմակերպիչներն ու կատարողները նպատակ են ունեցել պատանդառել ՕՊԵԿ-ի համաժողովին մասնակցելու նպատակով կենտրոնակայան ժամանած նախարարներին: Այնուհետև նախատեսվում էր պատանդների հետ գնալ երկարատև քարոզչական ճանապարհորդության: Նախատեսվում էր պատանդառու նախարարներից յուրաքանչյուրին ազատ արձակել իր երկրի տարածքում այն բանից հետո, երբ վերջինս բարձրաձայն կկարդա պատրաստված հրովարտակի տեքստը ի աջակցություն Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի: Ահաբեկիչները զինված էին բավականին լավ. իրենց զինանոցում ունեին երկու ինքնաձիգ, ութ ատրճանակ, ձեռքի ութ նռնակ և մոտ 20 կգ պայթուցիկ[3][2]:

Ահաբեկչական գործողության անմիջական ղեկավարում ստանձնել էին փորձառու ահաբեկիչներ Իլիչ Սանչես Ռամիրեսը (հայտնի է նաև «Կառլոս Շնագայլ») և Հանց-Յոհիմ Կլայնը[4]: Ահաբեկչական գործողության նախապատրաստությունը տևել է մի քանի շաբաթ: Կլայնը անձամբ իրականացնում էր Կառլ-Լյուգեր-Ռինգ փողոցում գտնվող հարձակման թիրախի դիտարկում: Նրա կատարած լուսանկարների հիման վրա կազմվում է կենտրոնակայանի հարձակման նախագիծը[2]:

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի դեկտեմբերի 21-ին Կառլոս Շնագայլի և Կլայնի գլխավորությամբ վեց հոգանոց խումբը մտնում է ՕՊԵԿ-ի շենք: Շենքը հսկող պահնորդները առանց ստուգման նրանց ներս թողեցին մոտավորապես առավոտյան ժամը 11-ին: Հարձակվողները զենքն ու պայթուցիկը թաքցրել էին պայուսակներում: Կենտրոնակայանի սրահում Կառլոսը պայուսակից հանում է ինքնաձիգը, սակայն Անտոն Տիհլեր անունով ոստիկանը կարողանում է նրա ձեռքից վերցնել զենքը: Հարձակվողների խմբի կին անդամներից մեկը՝ «Նադա» մականունով Գաբրիել Տիդեման-Կրյոհերը, գնդակահարում է Տիհլերին:Այնուհետև ահաբեկիչները վերելակով բարձրանում են շենքի այն հարկը, որտեղ տեղի էր ունենում ՕՊԵԿ անդամ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ նիստը: Ներխուժելով սրահ՝ Կառլոսը սկսեց անկանոն կրակ բացել, իսկ նրա համախոհները սկսեցին փայտյա դռների մոտ պայթուցիչների տեղադրումը: Կառլոսի արձակած կրակոցներից սպանվեցին լիբիական պատվիրակության մի քանի անդամներ և վիրավորվեց իրաքյան թիկնապահ: Այդ ընթացքում Կլայնը հսկում էր ընդունարանը: Նա կրակում է քարտուղարուհու հեռախոսի վրա այն բանից հետո, երբ վերջինս հասցրել էր զանգահարել ոստիկանություն[2]:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակ են բացում, որի հետևանքով Կլայնը վիրավորում է ստանում: Նրան տեղափոխում են Վիեննայի հիվանդանոց: ՏՀիվանդանոց տեղափոխման ընթացքում լրագրողներից մեկը կարողանում է լուսանկարել նրան, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում պարզել նրա ինքնությունը: Ահաբեկչական խմբի մնացած անդամները փակվում են նիստերի դահլիճում և սկսում բանակցություններ: Նրանց ներկայացրած պահանջներից էր լիցքավորված ինքնաթիռի տրամադրումը, Կլայնին բժշկական օգնության տրամադրումը և, ի աջակցություն Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի, տարբեր երկրներում ելույթ ունենալու հնարավորության ընձեռումը: Ավստրիական իշխանությունները, որոնք հայտնվել էին անելանելի իրավիճակում, համաձայնվեցին ահաբեկիչների պահանջների հետ[2]:

Հաջորդ օրը առավոտյան՝ դեկտեմբերի 22-ին, ահաբեկիչները բաց թողեցին պատանդների մի մասին, իսկ մյուսներին, այդ թվում՝ 11 նախարարների, նստեցրեցին ինքնաթիռ՝ թռչելով Ալժիր: Ինքնաթիռում էր գտնվում նաև հրազենային վիրավորում ստացած Կլայնը: Ալժիրում պատանդառուները ազատ արձակեցին բոլոր ոչ արաբ պատանդներին, իսկ Կլայնին ուղարկեցին տեղի հիվանդանոց: Այնուհետև ինքնաթիռով թռչեցին Լիբիա, սակայն կարճ ժամանակ անց կրկին վերադարձան Ալժիր: Այստեղ փրկագնի դիմաց ազատ արձակեցին մնացած բոլոր պատանդներին: Ստացված գումարով ահաբեկչության իրականացնողները փախան Մերձավոր Արևելք: Որոշ ուսումնասիրողների կարծիքով նրանց փախուստը հնարավոր չէր իրականացնել առանց Լիբիայի և անձամբ Մուամմար ալ-Կադդաֆիի աջակցության[3]:

Այնուամենայնիվ, Կառլոսի Շակալի կարծիքով գործողությունը ձախողվեց, քանի որ իրենց գլխավոր նպատակին չհասան:

Խմբի անդամների հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Կլայնը հանձնվում է Գերմանիայի իշխանություններին և սեպտեմբերի 8-ին ձերբակալվում: 1994 թվականի օգոստոսի 15-ին ֆրանսիական գործակալի կողմից Սուդանի մայրաքաղաք Խարթումում ձերբակալվում է Կառլոս Շակալը: 1997 թվականի դեկտեմբերին ֆրանսիական դատարանը Կառլոսին դատապարտում է ցմահ ազատազրկման[5]: 2001 թվականին Կլայնը ազատազրկվում է 9 տարի ժամկետով: Նադան արդարացվում է բավարար ապացույցների բացակայության շնորհիվ և մահանում 1995 թվականին: 2009 թվականի մարտին Կլայնը համաներումով ազատ է արձակվում[6]:

Իրադարձության արտացոլումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանդառության գործողությունները, բացի քաղաքական հետևանքներից, իրենց արտացոլումն են գտել նաև մշակույթում: 1997 թվականին նկարահանված «The Assignment» ֆիլմում նկարագրված են այդ իրադարձության որոշ դրվագներ[7]: 2010 թվականին ռեժիսիոր Օլիվե Ասայան նկարահանում է այդ իրադարձության ամբողջական պատկերը նկարագրող «Կառլոս» ֆիլմը[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]