Հայ ժողովրդական տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ ժողովրդական տոներ, ավանդաբար փոխանցվող կրոնաեկեղեցական և ժողովրդական տոներ։ Հիմնականում ծագել են նախաքրիստոնեական (հեթանոսական) շրջանում և հետագայում պահպանել հնագույն ծիսակարգին ու հավատալիքներին առնչվող մի շարք սովորույթներ ու արարողություններ։ Միաժամանակ հարմարեցվել են քրիստոնեական գաղափարախոսությանն ու տոնացույցին։ Դարեր շարունակ պահպանվելով՝ հասել են մեզ փոփոխված ու նոր երանգավորումներով՝ հարմարեցվելով ժամանակի տնտեսական, քաղաքական և հասարակական պահանջներին։ Նոր տարուց հետո առաջինը հանդիսանում է Քրիստոսի Ծննդյան ու Մկրտության տոնը (Ծննդյան տոն), որը կատարվում է հունվարի 6-ին։ Ըստ էության՝ այն խորհրդանշում է տարվա սկիզբը և ժամկետով անխախտ է։ Համարվում է տարվա առաջին արևածագի օր և կապվում ջրի, արևի պաշտամունքի, մեռնող-հառնող աստվածության գաղափարի և այլ հավատալիքների հետ։ Ծննդյան տոնի պատարագից հետո հայ եկեղեցում կատարվում է ջրի օրհնություն (Ջրօրհնեք), Ծնունդից 40 օր հետո՝ Տյառնընդառաջը, որը նույնպես անշարժ տոն է (փետրվարի 14-ին)։ Մի շարք տոներ ընթանում են ժողովրդական տոնախմբությունների և ավանդական արարողությունների ուղեկցությամբ։ Դրանց մի մասը նվիրված է Քրիստոսի (տերունական տոներ), մյուս մասը՝ սրբերի (սրբոց տոներ) հիշատակին։ Ըստ համապատասխան տոների՝ հայ եկեղեցին սահմանել է պահոց և ուտիքի օրեր։ Գրեթե բոլոր խոշոր տոներն ուղեկցվել են երգերով, պարերով, խնջույքներով, մարզական, թատերական և այլ բնույթի խաղերով։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 125