Հայերը Կեսարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կարապետ եկեղեցին Կեսարիայում

Կեսարիան (անտիկ՝ Կեսարեա, թուրքերեն՝ Կայսերի) Փոքր Ասիայի Կապադովկիա (հայերեն՝ Գամիրք) երկրամասի հնագույն բնակավայրերից է։ Ըստ Մովսես Խորենացու՝ կառուցել է Հայոց թագավոր Արամի կուսակալ Մշակը՝ իր անունով (հետագայում անունն աղավաղվել է և դարձել Մաժաք

Կեսարիան հնագույն ժամանակներից քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ կապեր է ունեցել Հայաստանի հետ։ 4-րդ դարի Հայոց առաջին կաթողիկոսները ձեռնադրվել են Կեսարիայում։ Այստեղ վաղնջական շրջանից ապրել է հոծ հայություն, որի թիվն ստվարացել է միջին դարերում, երբ 11-րդ դարի սկզբից Կեսարիան հանձնվել է հայ իշխաններին, իսկ 1045 թվականին՝ Գագիկ Բագրատունուն։ 1915 թվականին Կեսարիայում բնակվել է ավելի քան 20 հազար հայ։ Զբաղվել են արհեստներով (մասնավորապես հռչակված էին ապխտագործները) և առևտրով, հիմնել գործարաններ։ Քաղաքում գործել են Սուրբ Աստվածածին, Սուրբ Լուսավորիչ, Սուրբ Սարգիս և կաթոլիկ Սուրբ Խաչ եկեղեցիները, Հայկական, Հակոբյան, Կյումուշյան, Արամյան, ժառանգավորաց վարժարանները, որբանոց, նախակրթարաններ, մանկապարտեզներ և այլն։ 1908 թվականին Կեսարիայում լույս է տեսել «Տիգրիս» շաբաթաթերթը, 1912 թվականին՝ «Նոր սերունդ», 1910-1913 թվականներին՝ «Հայեկ» և այլ թերթեր։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գործել են հայկական թատերախմբեր։ Կեսարիայի շրջակայքում էին գտնվում հայկական հռչակավոր Թոմարզայի Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր Նյուսացի, Սուրբ Կարապետ, Սուրբ Դանիել, Սուրբ Սարգիս վանքերը։ Կեսարիան համանուն անկախ սանջակի կենտրոնն էր։

1915 թվականին թուրքական իշխանությունները Կեսարիայի և սանջակի բազմահազար հայերին բռնությամբ տեղահանել են, մեծ մասին կոտորել։ Փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ 1938 թվականին Կեսարիայում բնակվել է եղեռնից վերապրած ավելի քան 2,2 հազար հայ։ Ներկայումս (2003) Կեսարիայում կա փոքրաթիվ հայ համայնք, գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։