Հայատառ թուրքերեն պարբերական մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայատառ թուրքերեն պարբերական մամուլ, 1840-1947 թվականներին Կ. Պոլսում և հայկական գաղթավայրերում տպագրվել են շուրջ 130 անուն հայատառ թուրքերեն պարբերականներ։ Դրանց հեղինակությունն այնքան մեծ է եղել, որ թուրք և Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մտավորականները նախընտրել են դրանք օսմաներենով հրատարակվողներից, այդ պարբերականներն ընթերցելու համար սովորել են հայերեն այբուբենը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական թերթերի և թուրքական պաշտոնաթերթերի առաջին տպագրիչը Պողոս Արապյանն է, որ եղել է նաև Կայսերական տպարանի ղեկավարը (1832-1840)։ Հայտնի էին նաև տպագրիչ Հովհաննես Մյուհենտիսյանը, լրագրող ու հրատարակիչ Միհրան Նագգաշյանը և ուրիշներ։

Հայատառ թուրքերեն պարբերական մամուլը տպագրվել է հայկական տպարաններում։

Հայատառ թուրքերեն առաջին պարբերականը՝ «Թագվիմի Վէգայի»-ն («Օրացույց դեպքերի»), «Լրոյ գիր Մեծի Տէրութեանն Օսմանեան» պաշտոնաթերթի հայատառ թուրքերեն տարբերակն է. լույս է տեսել 1840 թվականին (11 համար)։ Հայտնի են նաև «Ճէրիտէի Հավատիս» («Բանբեր նորությունների», 1843-1847), «Մէճմաայը Հավատիս» («Ծաղկաքաղ լուրերի», 1852–77), «Զօհալ» («Երևակ», 1855–56), «Միւնատիյի Էրճիյաս» («Արգեոսի մունետիկ», 1859-1862), «Վարագայի Հավատիս» («Նորությունների թերթ», 1864-70), «Էնվարը Շարգիյէ» («Արևելքի ճառագայթ», 1866-1877, Կարին), «Մանզումէի Էֆքեար» («Մտածումների շար», 1866–1917), «Աւետաբեր» (1872–1911), «Խէյալ» («Անուրջ», 1873) «Թէրճեմանը Էֆքեար» («Թարգման մտածումների», 1877-1885), «Ճիհան» («Աշխարհ», 1884-1885), «Մէճմուայը Ախպար» («Հավաքածո լուրերի», 1884–1914), «Ճէրիտէի Շարգիյէ» («Օրագիր արևելյան», 1885-1913) և այլ պարբերականներ. բոլորը լույս են տեսել Կ. Պոլսում։ Վերջին՝ «Փարոս» ժողովրդական շաբաթաթերթը հրատարակվել է Ֆիլադելֆիայում 1921 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանյան Հ., Հայատառ թուրքերէն գրքերի եւ հայատառ թուրքերէն պարբերական մամուլի մատենագիտութիւն (1727–1968), Ստամբուլ, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։