Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Ընկերության տեսակ | Բաց Բաժնետիրական Ընկերություն |
Հիմնադրված է | 1996 թվական |
Վայր | Երևան |
Երկիր | Հայաստան |
Տնօրեն | Վահան Ստեփանյան |
Ծառայություններ | արժեթղթերի ռեեստրավարում, պահառություն, քլիրինգ և վերջնահաշվարկ, կենսաթոշաակային ֆոնդերի ակտիվների ռեեստրավարում |
Մայր ընկերություն | Հայաստանի ֆոնդային բորսա |
Կայք | cda.am |
Մասնակից է | Euroclear? և Եվրո-ասիական ֆոնդային բորսաների դաշնություն |
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) բաժնետիրական ընկերություն է, որը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի օրենքով[1], Հայաստանի կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեեստրավարի, արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Հայաստանի կառավարության թիվ 4 որոշմամբ ստեղծվեց «Ազգային կենտրոնացված ռեեստր» պետական ձեռնարկությունը, որը 1999 թվականին վերակազմակերպման արդյունքում դարձավ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ը։ 2000 թվականին «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի օրենքի համաձայն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ՓԲԸ-ն դառնում է շահույթի նպատակ չհետապնդող ինքնակարգավորվող կազմակերպություն։ Հետագայում 2007 թվականին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա անդամների արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ կայացրած որոշման համաձայն «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ն վերանվանվում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի։
2006 թվականին Հայաստանի Արժեթղթերի հանձնաժողովի փոխարեն Հայաստանի կենտրոնական բանկը դառնում է արժեթղթերի շուկայի կարգավորողը և ֆինանսական համակարգի միասնական վերահսկիչ մարմինը։ 2007 թվականին ընդունվեց «Արժեթղթերի շուկայի մասին» նոր օրենքը։ Կենտրոնական դեպոզիտարիան սկսեց իր լիարժեք գործունեությունը իրականացնել Կենտրոնական բանկի սահմանված կանոնակարգերով, ՀՀ «Արժեթղթերի շուկայի մասին» մասին օրենքով և իր կանոններին համապատասխան կարգով։
2007 թվականին շվեդական OMX AB-ի և Հայաստանի կենտրոնական բանկի միջև ստորագրվել է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի բաժնետոմսերի գնման վերաբերյալ համաձայնագիրը, իսկ 2008 թվականին գրանցվել է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի գնման գործարքը։ Նույն թվականին Nasdaq և սկանդինավյան OMX բորսաների միավորման արդյունքում Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան դառնում է NASDAQ OMX Group, Inc. աշխարհի խոշորագույն բորսայական ընկերության մասը[3]։ 2009 թվականին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը։
2008 թվականին Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան վերալիցենզավորվեց ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ 2007 թ.-ի հոկտեմբերին ընդունված "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ օրենքի դրույթների համաձայն։
2019 թվականին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան անվանափոխվեց Հայաստանի ֆոնդային բորսայի[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան իր գործընկերներին առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան ծառայությունների ամբողջական ցանկ՝ կիրառելով առաջատար ծրագրային լուծումներ։ ՀԿԴ-ն մատուցում է քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։
2010 թվականին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան միացավ SWIFT միջազգային համակարգին[5]։
2011 թվականին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի միջև կնքվել է օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման և վարման պայմանագիր։
2013 թվականին գործարկվեց Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդելը, իսկ 2017-ին գործարկվել են պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի (հետգնման) առցանց (ON-line) և անցանց (OFF-line) համակարգերը։
2016 թվականի հուլիսին Clearstream-ը բացեց ուղիղ կապ դեպի հայկական շուկա՝ Հայաստանը դառձնելով իր 56-րդ օղակը ներքին շուկայում։ Ընկերությունը նշել է, որ ընդլայնումը կարևոր իրադարձություն է կովկասյան տարածաշրջանի համար։ 2016 թվականին gործարկվեց Clearstream-ի անվանատիրոջ հաշիվը ՀԿԴ-ում[6]։
2016 թվականին գործարկվեց միջդեպոզիտարային կապուղի Բելառուսի հետ։ 2019 թվականին Կենտրոնական դեպոզիտարիան կնքեց հուշագիր Ղրղզստանի կենտրոնական դեպոզիտարիայի հետ։ 2020 թվականին Ուկրաինայի ազգային դեպոզիտարիան (NDU) օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ բացեց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում։
2019 թվականին Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ստացել են ISO 9001:2015 և ISO/IEC 27001:2013 հավաստագրեր, իսկ 2022 թվականին վերահաստաում են։
2021 թվականին գործարկվեց CDA Online հավելվածը, որի միջոցով դեպոզիտար ծառայությունները հասանելի դարձան ներդրողներին առցանց։ Նույն թվականին CDA Online հավելվածի միջոցով տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի առաջին ժողովը և առաջին էլեկտրոնային քվեարկությունը[7]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան դառնում է Եվրաասիական Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիայի (AECSD) և ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի (IAE CIS) անդամ։ 2009 թվականին Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան դարձավ Համարակալման Ազգային Գործակալությունների Ասոցիացիայի (Association of National Numbering Agencies, ANNA) գործընկերը, իսկ 2014 թվականին լիիրավ անդամը[8]։
2019 թվականին Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի նախագահությունը փոխանցվեց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, իսկ ՀԿԴ-ի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը դարձավ ասոցիացիայի նախագահ։
Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան հանդիսանում է նաև Եվրո-ասիական ֆոնդային բորսաների դաշնության (FEAS) անդամ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենք։
- ↑ Կենտրոնական դեպոզիտարիա
- ↑ Bloomberg - Nasdaq AB company profile
- ↑ Հայաստանի ֆոնդային բորսա - Պատմություն
- ↑ SWIFT Partners SWIFT - The global provider of secure financial messaging services.
- ↑ Armenia: Clearstream's 56th market link
- ↑ CDA Online հավելվածի միջոցով տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի առաջին ժողովը
- ↑ ANNA MEMBERS
- ↑ FEAS MEMBERS