Քլիրինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քլիրինգ (անգլ.՝ clearing - մաքրում), անկանխիկ հաշվարկների գործընթաց, որի ընթացքում հավաքագրվում, խմբավորվում, փոխանակվում են վճարահաշվարկային փաստաթղթեր[1]։ Մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և արժեթղթերի դիմաց փոխադարձ հաշվանցումն իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթերով, որոնք պարունակում են կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլիրինգը վճարահաշվարկային համակարգում միջբանկային անկախիկ վճարումների գործընթաց է, որն իրականացվում է հատուկ քլիրինգային ընկերությունների կողմից՝ վճարումների փոխադարձ հաշվանցմամբ[2]։ Միջազգային շուկայում (արժութային քլիրինգ) և ներքին շուկայում (միջբանկային քլիրինգ) անկանխիկ հաշվարկները կատարվում են փոխադարձ պահանջների և պարտավորությունների հաշվառման միջոցով։ Քլիրինգի հիմքը առևտրային պայմանագրերն են, որոնք կնքվում են շրջանառաության մեջ արժեքի հավասարակշռման և ապրանքների քանակի ու տեսակի որոշման նպատակով, ինչպես նաև՝ վճարային պայմանագրերը, որոնք սահմանում են մասնակիցների միջև հաշվարկներ կատարելու գործընթացը։ Քլիրինգը համաշխարհային բանկային համակարգում առաջին անգամ կիրառվել է Անգլիայում՝ 17-րդ դարում, մետաղադրամի անբավարարության պատճառով[3]։

Արժութային քլիրինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժութային քլիրինգ կիրառվում է այն երկրների միջև, որոնք ունեն ազգային արժույթը արտարժույթով փոխարկելու սահմանփակում։ Արժութային քլիրինգի տարրերն են՝

  • քլիրինգային հաշիվների համակարգը․
  • քիրինգի ծավալը․
  • քլիրինգի արժույթը․
  • տեխնիկական վարկի ծավալը։

Ըստ պարտքի մնացորդի մարման՝ արժութային քլիրինգը լինում է՝

  • ազատ կոնվերսիայով (մնացորդը մարվում է ազատ փոխարկելի արժույթով)․
  • առանց կոնվերսիայով (մնացորդը մարվում է միայն ապրանքային մատակարարումներով) ․
  • սահմանափակ կոնվերսիայով (մնացորդը մարվում է փոխարկելի արժույթով, եթե չի գերազանցել կողմերի սահմանած գումարը)[3]։

Միջբանկային քլիրինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկանխիկ հաշվարկներ երկրի ներբանկային համակարգում, որն իրականացվում է քլիրինգային պալատի միջոցով՝ դրամական պահանջների փոխադարձ հաշվանցմամբ[3]։

Չեկային քլիրինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեկային հաշվարկների համակարգ, որի գործընթացում չեկերն ուղարկվում են բանկին, իսկ տվյալ բանկը չեկի հիմնան վրա հակադարձ կատարում է դրամական փոխանցումները։ Գոյություն ունի չեկեր ստանալու հետևյալ տարբերակները՝

  • ներքին օֆսեթային գործարք․
  • չեկի ներկայացում քլիրինգային պալատ․
  • չեկի ներկայացում վճարողի հաշվին․
  • չեկի ներկայացում կենտրոնական բանկ[4]։

Քլիրինգային պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջբանկային կազմակերպություն, որն իրականացնում է անկանխիկ հաշվարկներ ըստ վճարահաշվարկային փաստաթղթերի՝ փոխադարձ պահանջների հաշվանցման միջոցով[3]։ Քլիրինգային կազմակերպությունը քլիրինգային գործունեություն իրականացնող իրավաբանական անձ է։ Քլիրինգային կազմակերպության գործունեությունը սահմանվում է տյալ երկրի կենտրոնական բանկի կողմից։ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորումն իրականացվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և Հայաստանի կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգով[5]։ Քլիրինգային ընկերությունների ստեղծման նպատակը վճարահաշվարկային համակարգի մասնակիցների միջև փոխադարձ հաշվարկների արագացումն ու օպտիմալացումն է, վարկային կազմակերպությունների ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Քլիրինգային ընկերությունները, ըստ կազմակերպաիրավական ձևի, լինում են մասնավոր և պետական։

Քլիրինգի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակում են քլիրինգի հետևյալ տեսակները՝

  • Բանկային քլիրինգ, անկանխիկ հաշվարկների համակարգ առևտրային բանկերի միջև։ Բանկային քլիրինգն իրականացվում է մեկ հաշվարկային կենտրոնի միջոցով՝ միմյանց նկատմամբ հավասար վճարումների փոխադարձ հաշվանցմամբ։ Զարգացած բանկային համակարգ ունեցող գրեթե բոլոր երկրներում բանկային քլիրինգը կիրառվում է։
  • Արտարժույթի քլիրինգ, միջազգային հաշվարկների իրականացման ընթացակարգ՝ հիմնված հավասարարժեք ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումների փոխադարձ հաշվանցման վրա։ Արտարժույթի քլիրինգն իրականացվում է վճարման միջազգային պայմանագրերով, որոնք կնքվում են քլիրինգի անդամ պետությունների միջև։
  • Ապրանքային քլիրինգ, վճարահաշվարկային կազմակերպությունների միջև փոխադարձ հաշվանցմամբ անկանխիկ հաշվարկներ միմյանց վաճառված արժեթղթերի կամ մատուցված ապրանքների և ծառայությունների դիմաց։ Քլիրինգային կառույցները կարգավորում են պայմանագրի կողմերի պարտավորություններն ապրանքային կամ արժեթղթերի շուկայում։
  • Պարզ քլիրինգ, քլիրինգային յուրաքանչյուր մասնակցի պարտավորությունների որոշում և հաշվարկներ յուրաքանչյուր գործարքի համար։
  • Բազմակողմ քլիրինգ, քլիրինգային յուրաքանչյուր մասնակցի պարտավորությունների որոշում և հաշվարկներ բոլոր գործարքների համար[6]։

Քլիրինգ արժեթղթերով[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժնետոմս կամ փոխառության տոմս, պարտքի պարտավորություն, Փարիզ, 1930 թվական

Արժեթղթերով քլիրինգը վճարահաշվարկային համակարգ է, որն իրականացվում է արժեթղթերով։ Գործառնությունները նախատեսված են արժեթղթերի գնորդի և վաճառողի փոխադարձ պահանջներն ու պարտավորությունները հաշվանցելու համար։ Զուտացման արդյունքում յուրաքանչյուր կողմի համար որոշվում է մնացորդ դրամական պահանջների չափով[1]։ Մնացորդը վճարվում է այն կողմին, ում եկամուտն ավելի մեծ է։

Քլիրինգային բանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկերի խմբի անվանդական անվանում, որի կազմում ընդգրկված են Մեծ Բրիտանիայի այն խոշոր դեպոզիտային բանկերը, որոնք իրագործում են փոխադարձ հաշվարկներ Քլիրինգային պալատի միջոցով[7]։ Քլիրինգային բանկերն առաջատար են տվյալ երկրի բանկային համակարգում, տրամադրում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ և կատարում են գործառնություններ դրամական և ֆինանսական շուկաներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, գլուխ 1, հոդված 3
  2. «Клиринг, Глава 9.3. «Безналичный оборот в экономической системе, его понятие и принципы организации безналичных расчетов» , страница 231,«Банковское дело и банковские операции», учебник, М. С. Марамыгин, Е. Г. Шатковская, М. П. Логинов, Н. Н. Мокеева, Е. Н. Прокофьева, А. Е. Заборовская, А. С. Долгов ; под ред. М. С. Марамыгина, Е. Г. Шатковской ; Министерство науки и высшего образования Российской Федерации, Уральский государственный экономический университет». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Տնտեսագիտական բացատրական բառարան», Գ․ Ե․ Կիրակոսյան, Հ․ Բ․ Ղուշչյան, Ի․ Տ․ Տիգրանյան, Երևան, 1999, էջ 437
  4. « Платежные системы и организация расчетов в коммерческом банке» , В. М. Усоскин, В. Ю. Белоусова , Москва, страница 66
  5. ««Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպութունների մասին» ՀՀ օրենք, գլուխ 5, հոդված 20». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  6. «Проблемы осуществления внутрихолдинговых расчетов и пути их решения», А. В. Беккер, Россия, страница 7
  7. «Բանկային տերմինների բացատրական բառարան», Դ․ Ջհանգիրյան, Երևան, 2008,էջ 83