Հայաստանը«Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի իր մասնակցին ընտրել է ազգային մրցույթ կազմակերպելու միջոցով, որտեղ հաղթող է ճանաչվել Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով։ Հենց նա էլ այդ երգի կատարմամբ ներկայցրել է հայրենի երկիրը 2010 թվականի նոյեմբերի 20-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում և գրավել է առաջին տեղը։
Հավակնորդները հայտերը ներկայացրել են մինչև 2010 թվականի օգոստոսի 5-ը։ Ստացվել է 31 հայտ, որոնցից ազգային մրցույթին մասնակցելու համար ընտրվել է 25-ը[1]։
Առաջին քառորդ եզրափակիչը անց է կացվել 2010 թվականի սեպտեմբերի 2-ին։ Այն վարել են Անահիտ Սարգսյանը և Արտակ Վարդանյանը։ Ներկայացվել է տասներկու երգ, որոնցից լավագույն ութը «փորձագիտական» ժյուրիի ձայների հիման վրա անցել են կիսաեզրափակիչ[2]։
Երկրորդ քառորդ եզրափակիչը կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին։ Վարողները դարձյալ Անահիտ Սարգսյանն և Արտակ Վարդանյանն էին։ Ներկայացվել է տասներեք երգ, որոնցից լավագույն ութը «փորձագիտական» ժյուրիի ձայների հիման վրա անցել են կիսաեզրափակիչ[3]։
Կիսաեզրափակիչ փուլը, որն անցկացվել է 2010 թվականի սեպտեմբերի 4-ին, դարձյալ վարել են Անահիտ Սարգսյանը և Արտակ Վարդանյանը։ Ներկայացված տասնվեց երգերից «փորձագիտական» ժյուրիի ձայների հիման վրա ընտրվել և եզրափակիչ է անցել լավագույն տասնյակը[4]։
Եզրափակիչը կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 5-ին։ Այն նույնպես վարել են Անահիտ Սարգսյանը և Արտակ Վարդանյանը։ Ներկայացված տասը երգերից հաղթողն ընտրվել է հեռուսաքվեարկության և «փորձագիտական» ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ[5]։