Համշենի պարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համշենի պարեր, հայկական պարային ֆոլկլորի նմուշներ, որոնք տարածված և մինչ օրս պահպանված են համշենահայերի մշակույթում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համամաշենը կամ Համշենը լեռներով շրջապատված գավառ է՝ Սև ծովի ափերին, Տրապիզոն և Խուփթա (Բաթումի) քաղաքների միջև։ «Համշէն էր քաղաք մեծին հայոց ի Տայոց աշխարհի յարևմտից կողմանէ ճորոխ գետոյ[1]»։ 19-րդ դարում գաղթի ճանապարհը բռնած համշենահայերը նոր գաղթավայրերում հաստատվելով պահպանել են հին բնակավայրերի անվանումները, այդպիսով բաժանվելով երեք խմբի՝

  • Համշենցիներ կամ Ճենիկցիներ՝ Համշենից Գարա-Տերե,իսկ հետո Ճենիկ տեղափոխվածներն են,
  • Տրապիզոնցիներ՝ Համշենից գաղթելուց հետո Տրապիզոնի գյուղերում հաստատվածներն են,
  • Օրդուցիներ՝ Օրդուի շրջակա վայրերում ապրող համշենահայերի սերունդները։

Բանահավաքների արշավախմբերը, շրջելով Աբխազիայի հայկական բնակավայրերում(Շահումյանովկա, Մծարա, Հայկական Աթարա և այլ գյուղեր), հավաքագրել են համշենահայերի շրջանում տարածված պարերի նմուշներ, որոնք բաժանվում են երեք խմբի՝

  • տղամարդկանց պարեր
  • կանանց պարեր
  • խառը պարեր

Պարերի ու երգերի կատարման ժամանակ նվագել են այս երաժշտական գործիքները՝

  • Ղավուլ-զուռնա,
  • Դիգ (տիկ),
  • Չիբուգ (ղավալ),
  • Քամանի։

Տարբեր պատճառներով երաժշտական գործիքների մեծ մասը այսօր չի կիրառվում, պահպանվել է միայն Քամանին։ Համշենցիները պարերգերն անվանել են խաղբար, որոնցից գրեթե նմուշներ չեն պահպանվել[2]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիսական պարերից յուրահատուկ տեղ են զբաղեցնում հարսանեկան պարերը։

Հայսի բար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայսի բարը հարսանեկան ծանր շուրջպար է, բանահավաք Խաչատրյանը այն գրանցել է 1962 թվականին Շահումյանովկա գյուղում։ Պարողների զույգերը հարս ու փեսայի հետ կողք-կողքի էին կանգնում, իրար ձեռք բռնում, թևկախ կամ արմունկները ուղիդ անկյունով ծալած։ Պարի ռիթմը համաչափ է։ Մեկ հաշվին՝ փոքր քայլ դեպի աջ, Երկու հաշվին՝ ձախ ոտքը աջին է միանում, շարժումը շատ դանդաղ է, սահելու նման, միայն դեպի աջ՝ անցնելով երեք շրջան։ Այն միայն հարսանիքի ժամանակ են պարում՝ մեկ անգամ հարսին հայրական տնից հանելիս, և երկրոդը փեսայի տանը՝ հյուրերի գնալուց առաջ։ Փեսան գրպանից ցորեն է հանել և շաղ տվել պարողների գլխին, այդպիսով ստացել ցանքս անելու իրավունք, քանի որ ըստ ավանդույթի՝ չամուսնացած տղաները վարուցանք անելու իրավունք չունեին։

Այչօն բար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բանասացների՝ Այչօն կամ Արջի պարը մանկական է, պարել են 8-10 հոգանոց խմբով, թռնոցի շուրջպար է։ Դասավորությունը շրջանաձև, իրար կողքի,ձախ ոտքի ծունկր բարձրացնում են մինչև գոտկատեղ ուղիղ անկյան տակ, ձախ թևը աոջևից անց են կացնում բարձրացրած ոտքի ազդրի տակով և բռնում ձախ կողմում կանգնածի աջ ձեռքից։ Հենվում են աջ ոտքին։ Պարային ֆիգուրան բաղկացած է վեց միատեսակ թռիչքներից։ Ամեն թռիչքը կազմված է երկու մասից՝ դեպի վեր թռիչքներ՝ գետնից պոկվելով և վերադարձ գետնին։ Բոլոր տարաշքներում, որտեղ արջեր են եղել, մարդիկ ստեղծել են արջի պաշտամունքի պարեր[3]։ Բարիկենդանի օրերին կամ հարսանիքներին ժամանակ հանդերձավորվել են արջի, ուղտի, այծի և այլ կենդանիների կերպարներով։

Սալամա պար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարել են և կանայք, և տղամարդիկ։ Ռիթմը հավասարաչափ չէ։ Պարային ֆիգուրան այսպիսին Է՝ 1-ին մասում 1 հաշվին՝ աջ ոտքով քայլ դեպի աջ, 2-րդ դիրք՝ կես թաթ հետ։ 2-ին՝ ձախ ոտքր միացնել աջին 6-րդ դիրքով՛ 3, 4, 5 հաշիվներին կրկնել 1, 2, 1 Հաշիվների շարժումները։ 6-ին՝ ձախ ոտքը բարձրացնել դեպի առաջ, բութ անկյան տակ ծալած ծնկով։ 7-ին՝ քայլ դեպի ձախ 2-րդ դիրքից պակաս։ 8-ին՝ աջ ոտքը միացնել ձախին, մի քայլհետ։ 9-ին՝ կրկնել 7 հաշվի շարժումը։ 10֊ին՝ աջ ոտքի կրունկով զարկել գետնին ձախ ոտքից մի թաթ առաջ և կես թաթ աջ։ 11-ին քայլ աջ ոտքով դեպի աջ 2-րդ դիրքից լայն։ 12-ին կրկնել 6 հաշվի շարժումը։ 1Յ-ից—16-ը կրկնել 7-ից 10-ը Հաշիվների շարժումները։ 2-րդ թռնոցի—արագ մասում՝ 1-ին՝ թռչել ձախ ոտքից աջ ոտքին, թռիչք թաթերի վրա 6-րդ դիրքով։ 2-ին՝ թռիչք աջ ոտքից ձախ ոտքին։ 3, «և, և», 4, «և, և», 5, «և, աշիվներին կրկնել 1, «և, և», 2, «և, և», 1, «և, և» հաշիվների շարժումները։ 6-ին թռչել աջ ոտքի վրա, բութ անկյունով ծալած ծնկով ձախ ոտքը բարձրացնելով դեպի առաջ։ «և, և»-ին երկու անդամ կրկնել նույն թռիչքը թաթի վրա։ 7-ին՝ թոիչք աջ ոտքից ձախ ոտքին 2-րդ դիրքով, «և, և»-ին՝ երկու անգամ տեղում կրկնել նույն թռիչքը, երկու թաթերի վրա[4]։ Պարի բոլոր հաշիվներում՝ 2 փոքր ծունկկոտրուկ,կենտ հաշիվներից հետո ուսերը շարժել առաջ ու հետ 3 անգամ՝ սկսելով աջ ուսը դեպի առաջ, ձախը դեպի հետ դիրքից։ Սա ուրախ, աշխույժ պար է։

Թիք խօրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիք խօրանը կատարում են 8-12 հոգանոց խմբով։ ՚ Սա թռնոցի պար է, կազմված է 2 մասից։ Առաջին մասը դանդաղ է, երկրորդ մասը՝ արագ, թռիչքներով, տեմպը աստիճանաբար արագանում է։ Ռիթմն անհավասարաչափ է։ Պարում են ցանկացած ժամանակ։ Պարողները շարքի դասավորումը չեն խախտում, ուղիղ գիծը պահում են։ Թիք խօրանը ռազմապար է, կատարվում է ոգևորությամբ և աշխույժ։

Կարաբդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաբդալ պարը որոշ բանասացներ համարել են կարապի պար՝ կարաբին տալ, կարապին նմանեցնել իմաստով[5]։ Տրապիզոնցի Ավեդիս Ծադուրյանի վկայությամբ Տրապիզոնից քիչ հեռու եղել է Կարաբդալ սար՝ Կարա Աբդալ( Սև ապուշ) մարդու անունով։ Վայրը եղելէ նրա գերեզմանը, համարվել է սրբատեղի, նույնանուն պարը ևս մեծ նշանակություն է ունեցել համշենցիների համար։ Կատարել են 8-12 հոգանոց խմբով, հարսանիքների ժամանակ։ Պարի ընթացքում թևերի շարժումները հիշեցնում են թռչնի թևաբախում։

Թոփալ բար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պարն ունի 6 հաշիվ, շարժումները նման են կաղ մարդու շարժումներին։ Առաաջին մասում քայլում են աջ ոտքով դեպի ձախ խաչաձև քայլով, աջ ոտքը դնում են ձախից հեռու։ Ծնկերը խորը ծալում են, ապա մարմնի ծանրությունը դեպի հետ՝ ձախ ոտքին փոխում։ Ապա կատարում են չորս քայլ աջ։ Երկրորդ մասում առաջին երկու թռիչքը կատարում են ճոճվելով առաջ ու հետ, ապա չորս թռիչք դեպի աջ։ Պարը դիտողների մոտ ծաղրելու զավեշտական տրամադրություններ է առաջացնում։

Հոռմի բար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա հայկական Էպիկական պար Է։ Շարժումները ոտ խաղացնելով են։ Ունի 16 հաշվով պարային ֆիգուրա, չորս անգամ ոտքից ոտք աջ ու ձախ տեղում ճոճվելուց հետո կատարում են առաջ ու հետ երկու քայլ։ Ապա աջ ոտքով կատարում են չորս քայլ դեպի ձախ՝ խաչաձև, իսկ ձախ ոտքը միացնում աջին։ Մինչև 12 հաշիվը զույգ հաշիվներին ձեռքերը ճոճում են վեր ու վար։ Պարում են և կանայք, և տղամարդիկ, ցանկացած ժամանակ։ Ռիթմը հավասարաչափ է, տեմպը արագանում է աստիճանաբար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժ․Կ․Խաչատրյան, Համշենի մի քանի պարերը, ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր, N 3, 1964:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համշեն, Մխիթար Աբբայի աշակերտներ, Բառգիրք Հայկազեան լեզուի,հ.2, բառարան Յատուկ Անունանց, 1769։
  2. Ժ․Կ․ Խաչատրյան, Համշենի մի քանի պարերը,ՀՍՍՌ ԳԱ տեղեկագիր, 1964, էջ 73։
  3. Տե՛ս Томсон , Исследования по истории древнегреческого общества, Москва» 1958, стр. 275—277.
  4. Ժ․Կ․ Խաչատրյան, նշվ․ աշխ․, էջ 77։
  5. Կարապ, Մխիթար Աբբայի աշակերտներ, «Բաոադիրք Հայկազեան լեզուիս, հ․2, բառարան Յատուկ Անունանց, 1769։