Հաճավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հաճավ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյանի շրջան
Առաջին հիշատակում13-րդ դար
ԲԾՄ1755 մ
Ժամային գոտիUTC+4
Հաճավ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հաճավ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Հաճավը, նախկին գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի արևմտյան մասում։ Այն գտնվում է Քարվաճառ քաղաքից 3,5 կիլոմետր դեպի հյուսիս[1]։ Ադրբեջանական տիրապետությունից գյուղն ազատագրվել է 1993 թվականի գարնանը։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճավ գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1690-1820 մետր բարձրության վրա, իսկ շրջկենտրոն Քարվաճառից հեռավորությունը 3,5 կիլոմետր է։ Հաճավը շրջանի առանձնահատուկ գյուղերից է, որը չնայած միջնադարում է կառուցվել, բայց մինչև այսօր այն պահպանում է իր հատակագծային առանձնահատկությունները։ Գյուղը շրջապատող բնությունն աչքի է ընկնում լեռներով, փողոցների երկայնքով շարված են հսկա հենապատեր։ Հաճավը ունի այն բոլոր առանձնահատկությունները, որոնք ունի յուրաքանչյուր հայկական գյուղ։ Գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը 13-րդ դարի է, իսկ երկրորդ հիշատակությունը` 1661 թվականի։ Հաճավի մոտակայքում կան գյուղեր որոնք իրենց անվանումները ստացել են այնտեղ բնակվող քոչվորական ցեղերից։ Դրանք են, օրինակ` Վերին և Ներքին Այրումները, Ալչայի, Ալլիքյանդ, Սարիգյունեյ և Օթախլի գյուղատեղիները։ 1950-ական թվականներին թրքացած քրդերով բնակեցված այդ գյուղն սկսել է կոչվել Մոլոտով, ապա` Օկտյաբրքյանք անուններով։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

12-13-րդ դարերից այստեղ մնացել են խաչքարներ, որոնք վկայում են, որ գյուղը դեռ միջնադարից եղել է գավառի ամենածաղկուն քաղաքներից մեկը։ Գյուղում կա մի քարե աղբյուր (236*86*58 սմ չափերով), որի վրա պահպանվել է դրա շինարարական արձանագրությունը, որից պարզ է դառնում, որ այն հիշատակ է «Ամիրճանին, Ամիրխանին, Ախիճանին, կառուցված Հաճավ գյուղում, 1677 թվականին»[2]։ Երբ կառուցել են այդ աղբյուրը, այն իր մեջ ընդգրկել է խաչքարեր և միջնադարյան եկեղեցուն պատկանող լուսամուտի պսակաքարերը։ Աղբյուրի շրջակայքում կան տեղահանված գերեզմանաքարեր, խաչքարեր և ուրիշ շատ պատմական կոթողներ։ Դրանցից միայն մեկն ունի արձանագրություն, սակայն անթվակիր[3]։ Խաչքարերի և պատերի արձանագրությունները ի մի բերելով, այն կարելի է թվագրել XII-XIII դարերով, որտեղ էլ առաջին անգամ հանդիպում է Հաճավ անվանումը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էէ 49-51» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  2. Այս արձանագրությունը մի շարք վրիպումներով առաջին անգամ հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը («Դիվան հայ վիմագրության», պրակ 3, Սեդրակ Բարխուդարյան, Երևան, 1973, էջ 226), բայց և նշել, թե իբր աղբյուրը գտնվելիս է եղել Քիլիսալու գյուղի եկեղեցու մոտ։ Առկա անորոշությունն էլ ավելի է խճճվել հնագետ Հ. Սիմոնյանի մի հաղորդման պատճառով (տես` «Նպատակ», 1995, N1), որը աղբյուրի գտնվելու վայրն է համարում Օթախլի գյուղատեցին, իսկ թվագրումը` 15-րդ դար (այն դեպքում, երբ նովի ճակատին կա ստույգ թվականը` 1677)։ Հարցի պարզաբանման առթիվ ավելի մանրամասն տե՛ս մեր «Հաճավ գյուղի «դեգերումները» վերջ ունե՞ն» հոդվածը, («Առավոտ» օրաթերթ, 1995, 2 մարտի, N23, էջ 6):-Ծանոթագրությունը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի
  3. «Դիվան հայ վիմագրության», պրակ 3, Սեդրակ Բարխուդարյան, Երևան, 1973, էջ 226
  4. «Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էջ 51» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.