Հաղթանակի հուշակոթող (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Հաղթանակի հուշակոթող
Կոորդինատներ55°43′54″ հս․ լ. 37°30′25″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1995
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԶուրաբ Ծերեթելի
Ներկա վիճակըԿանգուն

Հաղթանակի հուշակոթող (ռուս.՝ Монумент Победы), կոթող Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Գտնվում է Հաղթանակի հրապարակում, Պոկլոննայա լեռան վրա։ Ռուսաստանի ամենաբարձր հուշարձանն է[1]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1995 թվականին։ Հեղինակներն են ճարտարապետներ Լեոնիդ Վավակինը, Վլադիմիր Բուդաևը և քանդակագործ Զուրաբ Ծերեթելին[2]։

141,8 մետր բարձրությամբ կոթողը (պատերազմի յուրաքանչյուր օրվա համար` 1 դեցիմետր) ունի եռանիստ սվինի ձև և բարձրության մեծ մասում պատված է բրոնզե խորաքանդակներով[3]։ 104 մետր բարձրության վրա ստելային ամրացված է 25-տոննանոց բրոնզե քանդակագործական խումբ, որի մեջ մտնում են հաղթանակի Նիկե աստվածուհին, որի ձեռքին պսակ է, և հաղթանակը շեփորող երկու ամուր։ Հուշարձանը բացվել է 1995 թվականի մայիսի 9-ին` Հաղթանակի հուշահամալիրի կազմում։

Հուշակոթողի հիմքի մոտ Մոսկվայի պաշտպան Սուրբ Գևորգի քանդակն է, որն իր նիզակով խոցում է չարիքի խորհրդանիշ օձին, տվյալ դեպքում` ֆաշիզմը[3]։

Տեխնիկական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղական հիմնակմախքը պատրաստված է հատուկ մշակված 09Г2У մակնիշի պողպատից, կառույցի ամբողջ զանգվածը մոտ 1000 տոննա է[3]։ Կոթողի մետաղական կառուցվածքները կոռոզիայից պաշտպանվել են գազաջերմային փոշեպատման միջոցով` Ն. Պ. Մելնիկովի անվան շինարարական մետաղակոնստրուկցիաների գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի նախագծով։

Հուշակոթողը եզակի կառույց է և ճարտարապետական մտահղացմամբ որոշվող բարդ ձևերի պատճառով ունի օդադինամիկական անկայունություն։ Նախագծման ընթացքում հուշարձանի մոդելը փչահարվել է կենտրոնական օդադինամիկական ինստիտուտի օդադինամիկական խողովակում, ինչը թույլ է տվել որոշել կաղապարի մի շարք օդադինամկական պարամետրեր։

Քամու ազդեցությամբ առաջանալիք ինքնատատումները կանխելու համար հուշարձանը հագեցվել է տատանումների դինամիկ մարիչների համակարգով, որոնցից գլխավորն ունի 10 տոննա զանգված և գտնվում է Նիկայի քանդակի թիկունքում։ Բլրի ներսում, որի վրա կանգնած է հուշակոթողը, գտնվում են ծառայողական տարածքներ, որոնցում կահավորված է կառույցի վիճակի դիտարկման կայան[3]։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]