Հակոբին եմ սիրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբին եմ սիրում
անգլ.՝ Jacob Have I Loved
ՀեղինակՔեթրին Փաթերսոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչThomas Y. Crowell Co.
Հրատարակման տարեթիվ1980
ԳՄՍՀ0-380-56499-8
OCLC7868696
Պարգև(ներ)

«Հակոբին եմ սիրում» (Jacob Have I Loved ) Քեթրին Պեթերսոնի մանկապատանեկան վեպն է։ Այն հրատարակվել է Քրոուվելում 1980 թվականին և հաջորդ տարի հաղթել է ամենամյա «Newbery Medal» մրցույթում։ Վերնագրի հիմքում եբրայական և քրիստոնեական սուրբ գրքերի երկու եղբայրների՝ Հակոբի և Եսավի պատմությունն է, և հենց գալիս է Հռոմեացիներ 9։13-ից «Յակոբին սիրեցի եւ Եսաւին ատեցի» ։

Պատմությունը Բրեդշոուների ընտանիքի մասին է, որի միակ աշխատողը հայրն է՝ Թրուիտ Բրեդշոուն, ով նավակով ձկնորսության է գնում ամեն օր։ Նա երկու դուստր ունի՝ Սարա Լուիսը և Քերոլայնը։ Նրանք երկվորյակներ են, նրանցից Քերոլայնը միշտ եղել է ընտանիքի սիրելին։ Լինելով ավելի գեղեցկադեմ և ավելի տաղանդավոր՝ նա մշտապես գտնվում է ոչ միայն ընտանիքի անդամների, այլ նաև ողջ համայնքի ուշադրության կենտրոնում։

Գիրքը պատմում է Լուիսի՝ Քերոլայնի շողքից դուրս գալու փորձերի մասին, որոնք շարունակվում են դեռ նույնիսկ հասուն տարիքում։

Պատմության իրադարձությունները տեղի են ունենում 1940-ականների սկզբներին Չեսփիկ ծովածոցի երևակայական Ռասս կղզում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառ երևակայություն ունեցող, զգացմունքային և աշխատասեր Սարա Լուիս Բրեդշոուն մի երիտասարդ աղջիկ է, ով ապրում է մի հեռավոր ձկնորսական կղզում՝ Մերիլենդի ափերին, 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ընտանիքում նա իրեն երկրորդական անդամ է զգում դեռ իր ծննդյան օրից։ Աղջկա աղքատացած ընտանիքը կազմված է խիստ, բայց նաև նուրբ հորից, ով երբեք տանը չէ, քանի որ օրնիբուն աշխատում է ոստրեների իր նավակում, կանացի և խելացի մորից, ով կղզի էր ժամանել որպես դպրոցի ուսուցչուհի և այնտեղ մնացել սիրահարվելուց հետո, տատիկից, ով մի անախորժ և չափազանց կրոնապաշտ կին էր և Քերոլայնից՝ Սարա Լուիսի կրտսեր երկվորյակ քրոջից, ով էլ Սարայի ամենգլխավոր խոչընդոտն է ինքնաճանաչման և մարդկանց գրավելու ճանապարհին։ Քերոլայնը փխրուն է, գեղեցիկ և պաշտելի․ այն ամենը, ինչը Սարա Լուիսը չէ։

Քերոլայնը կրթաթոշակ է ստանում վոկալի դասերի համար, քանի որ հազվագյուտ տաղանդ ուներ։ Աղջկա կրթությունը ապահովելու համար ողջ ընտանիքը և հատկապես Սարա Լուիսը պետք է որոշակի զոհաբերությունների գնան։ Գումար հավաքելու նպատակով Սարա Լուիսը իր միակ ընկերոջ՝ ՄքՔոլլ (Քոլլ) Պերնելի հետ սկսում է խեցգետններ բռնել և վաճառել։

Մի օր Հայրամ Ուալենսը՝ հիսուն տարվա մեջ միակ կղզաբնակը, ով գնացել էր կղզուց և քոլեջում կրթություն էր ստացել, վերադառնում է։ Հայրամը, ում նրանք Կապիտան էին կոչում, մտերմանում է Քոլլի հետ՝ դառնալով հոր կերպար։

Գրքի հետագա զարգացումները պատմում են Հայրամի, Սարա Լուիսի և Քոլլի ընկերության և մտերմության մասին։ Պատմության ողջ ընթացքում Սարա Լուիսի կատարած ցանկացած լավ արարք ընկնում է Քերոլայնի շողքի տակ, ով կյանքից ստանում է ամեն ինչ՝ թե՛ կրթություն, թե՛ Քոլլին որպես ամուսին, թե՛ շրջագայություններ, համբավ և ունեցվածք։ Քորոլայնի հարսանիքի ժամանակ Կապիտանը հարցնում է Սարա Լուիսին, թե նա ինչպես է ցանկանում ապրել իր կյանքը։ Աղջիկը գիտակցում է, որ նրան երբեք դա չեն հարցրել, մտածում և պատասխանում է, որ կուզեր ապրել լեռներում և աշխատել որպես բժիշկ։ Նա ստանում է ծնողների համաձայնությունը, հեռանում է կղզուց, ավարտում բժշկական քոլեջը, դառնում բուժքույր ու տեղափոխվում լեռներ։

Ձմռան մի ցուրտ օր, երբ նա ծնունդ էր ընդունում, երկվորյակներից երկրորդը՝ դուստրը, ծնվում է փոքր և սառած մարմնով։ Երբ փրկում է դստեր կյանքը, հիշում է, որ մոռացել են առաջնեկի՝ որդու մասին, քանի որ նա առողջ էր և առույգ։ Արագ գրկում է առաջնեկին և խնդրում մորը առաջինը որդուն կերակրել և երբեք չմոռանալ նրա մասին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարա Լուիս Բրեդշոու

Գլխավոր հերոսը։ Տան ավագ քույրը, ով մի քանի րոպե շուտ էր ծնվել քրոջից՝ Քերոլայնից։

  • Քերոլայն Բրեդշոու

Քերոլայնը Սարա Լուիսի երկվորյակ կրտսեր քույրն էր, տան հրաշամանուկը, քանի որ ծնելիս մահից էր փրկվել։ Նա հրաշալի երգչուհի է և դաշնակահարուհի, ում ավելի կանացի և խելացի են համարում, քան Սարա Լուիսին։ Նա կրթություն է ստանում Ջուլիարդում և ամուսնանում քրոջ լավագույն ընկերոջ՝ ՄքՔոլլ Փերնելի հետ։

  • ՄքՔոլլ Փերնել

Սարա Լուիսի լավագույն ընկերը, ով աղջկա հոր մահից հետո նրա հետ աշխատում էր ջրում։ Նա մեկնում է պատերազմ, իսկ երբ վերադառնում է, ամուսնանում է Քերոլայնի հետ։

  • Հայրամ Ուալենս

Նաև կոչում էին Կապիտան։ Հայրամը մի ծերունի է, ով երիտասարդ տարիքում հեռանում է կղզուց։ Նա վերադառնալուն պես ընկերանում է Քոլլի և Սարա Լուիսի հետ, ով էլ սիրահարվում է նրան։

  • Սյուզան Բրեդշոու

Սյուզանը աղջիկների մայրն է՝ մի կրթված կին, ով կղզու դպրոցում էր աշխատում։

  • Բրեդշոու տատիկ

Մի շատ կրոնապաշտ կին, ով պաշտում էր Աստծոն և ատում էր ջուրը։ Նա վստահ էր, որ Կապիտանը հեթանոս է։ Հենց նրա օգնությամբ է Սարա Լուիսը հասկանում, որ նա միակ առաջնեկը չի, ով սիրված չէ ընտանիքում։

  • Թրուիտ Բրեդշոու

Ընտանիքի հայրն է։ Նա պատերազմի վետերան է և ձկնորս։

  • Հորաքույր Թրուդի

Բրեդշոուների հարևանը, ով ի վերջո ամուսնանում է Կապիտանի հետ։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը դրական արձագանք է ստացել։ Բուքլիստը այն անվանել է «ուժեղ, հուզիչ դիմանկար»[1], իսկ Քարոլ Կաքսը School Library Journal -ում գրել է․ «Բոլոր գրադարանները կօգտվեն՝ ձեռք բերելով այս վիպակի նշանավոր պատմությունը»[1]։ Պատրիկա Լիդդին գրել է․ «Այս վիպակը իսկապես դասականների շարքից է, իսկ դրա գեղեցկությունն այն է, որ այն ընթեռնելի է և հարմար միջին և ավագ դպրոցի ուսանողների համար»[2]։

2012 թվականին գիրքը 43-րդ հորիզոնականն է զբաղեցրել բոլոր ժամանակների մանկական վիպակների ցանկում՝ հրատարակված "School Library Journal "– ում[3]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիման վրա 1989 թվականին հեռուստաֆիլմ է նկարահանվել, որտեղ խաղում են Բրիջիտ Ֆոնդան, Ջեննի Ռոբերթսոնը և Ջոն Քելլոգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Summary Reviews. «Jacob have I loved». Buffalo & Eric County Public Library (http://www.buffalolib.org). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. Liddie, Patricia A. (1994). «Vision of Self in Katherine Paterson's Jacob Have I Loved». The ALAN Review. The Assembly on Literature for Adolescents. 21 (3). doi:10.21061/alan.v21i3.a.10. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. Bird, Elizabeth (2012 թ․ հուլիսի 7). «Top 100 Chapter Book Poll Results». A Fuse #8 Production. Blog. School Library Journal (blog.schoollibraryjournal.com). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.