Հակաաշխարհ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հակաաշխարհ, հակամասնիկներից կազմված հիպոթետիկ աշխարհ։ Թեև այդպիսի աշխարհի գոյությունը չի բացառվում, սակայն Տիեզերքի հետազոտված մասում Հակաաշխարհ չի հայտնաբերվել։
Մեր աշխարհում հանդիպող յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմները բաղկացած են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից։ Հետևաբար, հակաատոմները պետք է կազմված լինեն հակապրոտոններից, հականեյտրոններից և պոզիտրոններից։ Այդ հակամասնիկներն առաջանում են բարձր էներգիայի սովորական մասնիկների փոխազդեցության ժամանակ՝ Տիեզերական ճառագայթներում կամ հզոր արագացուցիչներում, սակայն մասնիկներից կազմված աշխարհում դրանց գոյությունը շատ կարճատև է, քանի որ համապատասխան մասնիկների հետ փոխազդեցության հետևանքով դրանք ենթարկվում են անիհիլացման և վերածվում այլ մասնիկների։ Այդ է պատճառը, որ մեր Գալակտիկայում կայուն վիճակում չեն հանդիպում այնպիսի գոյացումներ, ինչպիսիք են հակամիջուկները և հակաատոմները, չնայած արհեստական պայմաններում հաջողվել է սինթեզել ծանր հակաջրածնի՝ հակադեյտրոնի և հակատրիտիումի ատոմների և հակահելիումի թեթև իզոտոպի ատոմի միջուկներ։
Այսպիսով, երկրային պայմաններում ապացուցված է այն տարրական հակամասնիկների գոյությունը, որոնք անհրաժեշտ են Հակաաշխարհի կառուցման համար, և հայտնագործված են պարզագույն հակաատոմների միջուկները։ Դա վկայում է Տիեզերքի որևէ մասում կայուն Հակաաշխարհի գոյության հնարավորությունը, սակայն Տիեզերքում նրա տարածվածության մասին ստույգ փաստեր դեռևս չկան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 55)։ |
|