ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Առաքելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է ՀՀ կառավարության որոշմամբ 2009 թ. սեպտեմբերին։ Դպրոցի առաջնային նպատակներն են արտաքին գործերի նախարարության համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը, ինչն իրականացվում է բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով, դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը և միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությունը։

Դիվանագիտական դպրոցի բացումը տեղի է ունեցել 2010 թ. փետրվարի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, դիվանագիտական կադրերի պատրաստման 2010 թ. «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» առաջին դասընթացի մեկնարկով։

Դասընթացի ընթացքում ունկնդիրների առջև դասախոսություններով հանդես են գալիս ՀՀ արտաքին գործերի նախարարը և ՀՀ կառավարության այլ անդամներ, ԱԳ նախարարի տեղակալները, արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններ, այլ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր։

Հիմնական դասընթացները վարում են ԵՄ, նաև ԵԱՀԿ օժանդակությամբ արտերկրից հրավիրված դասախոսներ։ Թե' առանձին առարկաների դասընթացները, թե' ողջ դասընթացը ավարտվում են քննությամբ։ Դասընթացը կազմված է տեսական և գործնական առարկաներից, ուսումնական պրակտիկայից և այցերից։

Յուրաքանչյուր տարի, ընդունելության երկփուլ մրցույթի արդյունքում Դիվանագիտական դպրոցն ընդունում է 25-27 ունկնդիր։

Դիվանագիտական դպրոցն իր ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության հետ սերտ համագործակցությամբ, դասընթացների ուսումնական ծրագրերը կազմում է նույնաբնույթ առաջատար կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերին համահունչ և ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին համապատասխան, և դասախոսելու հրավիրվում են համապատասխան ոլորտների առաջատար մասնագետներ։

Հայաստանի դիվանագիտական դպրոցի լավագույն շրջանավարտները ընդունվում են աշխատանքի Արտաքին գործերի նախարարությունում։ Դիվանագիտական դպրոցը դիվանագիտական ծառայության անցնելու հիմնական ուղին է։

Կառուցվածքը և գործունեության հիմքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հիմնադրվել է 2009 թվականի uեպտեմբերի 23-ին ՀՀ կառավարության N 1111-Ն որոշումով[1]։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է։

Դպրոցի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։

Դպրոցը ստեղծվել և գործում է առանց ժամկետային uահմանափակման։

Դպրոցի գործունեությունը կարգավորվում է «Դիվանագիտական ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաստանի oրենքներով, Դպրոցի կանոնադրությամբ, ինչպեu նաև այլ իրավական ակտերով։

Դպրոցի գործունեության առարկան և նպատակներն են.

դիվանագիտական կադրերի պատրաստումը՝ բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով, դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը, միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը, այլ ուսումնական ծրագրերի իրականացումը։ Դպրոցի կառավարումն իրականացնում են Հիմնադիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Դպրոցի կառավարման խորհուրդը, իսկ ղեկավարումը՝ Դպրոցի տնօրենը։

Հիմնադրին վերապահված բացառիկ լիազորություններից են. Դպրոցի հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը, Դպրոցի գործունեության առարկայի և նպատակների uահմանումը և փոփոխումը, Դպրոցին սեփականության և անհատույց իրավունքով հանձնվող կամ ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմի հաuտատումը, Դպրոցի՝ այլ կազմակերպության հիմնադիր կամ մաuնակից դառնալու վերաբերյալ որոշում կայացնելը ևայլն։

ՀՀ արտաքին գործերի նախարարը ձևավորում է Դպրոցի կառավարման խորհուրդը և դադարեցնում է նրա անդամների լիազորությունները. օրենքի պահանջներին համապատասխան՝ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Դպրոցի տնօրենին, Դպրոցի կառավարման խորհրդի ներկայացմամբ հաստատում է Դպրոցի գործունեության հիմնական ուղղությունները, դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացների ընդունելության մրցույթի անցկացման կարգը, դիվանագետների պատրաստման դասընթացների ընդունելության մրցույթների և ավարտական քննական հանձնաժողովների կազմերը և իրականացնում է Դպրոցի գործունեության նկատմամբ վերահuկողությունը։

Դպրոցի կառավարման խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպությունների, գիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և Դպրոցի կոլեկտիվի ընդհանուր ժողովում ընտրված աշխատողներ։ Դպրոցի կառավարման խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը երկու տարի է։ Դպրոցի կառավարման խորհրդի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։

Կառավարման խորհուրդը Դպրոցի տնօրենի ներկայացմամբ քննարկում և ՀՀ արտաքին գործերի նախարարի հաստատմանն է ներկայացնում Դպրոցի գործունեության հիմնական ուղղությունները, դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացների ընդունելության մրցույթի անցկացման կարգը, դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացների ընթացքում ունկնդիրների կողմից հանձնվող քննությունների տեսակները, անցկացման կարգը, դրանց գնահատման ընթացակարգերը, գնահատականների հիման վրա ունկնդրի հանրագումարային միավորի հաշվարկման կարգը, դիվանագետների պատրաստման դասընթացների ընդունելության մրցույթների և ավարտական քննական հանձնաժողովների կազմերը, Դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաuտատում է Դպրոցի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը։

Դպրոցի ընթացիկ՝ ուսումնական, գիտական, ֆինանսական և այլ գործունեությունը ղեկավարում է Դպրոցի տնօրենը։ Նա է հանդեu է գալիս Դպրոցի անունից, ներկայացնում նրա շահերը, ներկայացնում է Դպրոցը Հայաստանում և օտարերկրյա պետություններում։

Դպրոցի տնօրենն է արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մասնակցության մրցույթ հայտարարում է ամեն տարի նոյեմբերին։ Դիմորդների գործերն ընդունվում են դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ընդունելության քննությունն անց է կացվում հունվար-փետրվար ամիսներին։

Դասընթացը սկսում է փետրվարի վերջին և ավարտվում է դեկտեմբերի վերջին։

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 35 (2015 թ. դասընթացից սկսած) տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2013 թ. օգոստոսի 1-ի N811-Ն որոշմամբ հաստատված՝ «Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկով» սահմանված որակավորում։

Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։ Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է։

Ուսումն անվճար է։

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

  • Դիմում (դիմումի ձևը)
  • Ինքնակենսագրություն շարադրված ազատ ոճով (մինչև 1 էջ),
  • Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (մինչև 1 էջ),
  • 2 լուսանկար (3x4սմ),
  • Անձնագրի պատճենը,
  • Առողջական վիճակի մասին ուսման համար սահմանված ձևի տեղեկանք՝ քաղվածք ամբուլատոր քարտից[2],
  • Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը,
  • Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր։
  • Պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները հրավիրվում են գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով)։ Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով։ Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին։

Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից։ Ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաներից ունկնդիրները հանձնում են ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ, մաս են կազմում հանրագումարային գնահատականի։

Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները ստանում են ավարտական վկայական։ Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում։

Դասընթացն անցկացվում է Դիվանագիտական դպրոցում (Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք)։ Դասերն անցկացվում են ամեն աշխատանքային օր, օրվա երկրորդ կեսին։

Փաստաթղթերի ընդունումը կատարվում է ՀՀ դիվանագիտական դպրոցում՝ Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, ժամը 10.00-ից մինչև 13.00։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 010583928 կամ 060620221 հեռախոսահամարով և contact@diplomaticacademy.am կամ h.israelian@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեներով։

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրումից ի վեր, համագործակցությունը գործընկեր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի հետ եղել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեության անկյունաքարերից մեկը։

Դիվանագիտական դպրոցի ձևավորման սկզբնական շրջանում Երևանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը խորհրդատվական և ֆինանսական ներդրում են ունեցել դասացուցակի ձևավորման և Դպրոցի տարածքի կահավորման գործում։ Սկզբում հատուկ նշանակված խորհրդատուների, իսկ այնուհետև հատուկ ծրագրերի միջոցով Եվրոպական միության պատվիրակությունը շարունակում է իր աջակցությունը Դպրոցին՝ ուսումնական ծրագրի իրականացումը ապահովելով բարձր որակավորում ունեցող դասախոսներով։

Ակտիվորեն համագործակցելով տասնյակ երկրներում գործող, դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագիտացած այլ դիվանագիտական ակադեմիաների, դպրոցների և համալսարանների հետ՝ Դիվանագիտական դպրոցը ձևավորել է գործընկերների այնպիսի շրջանակ, որը հնարավորություն է ընձեռում դասընթացն իրականացնել դիվանագիտական կրթության ներկա պահանջները, առաջնայնությունները և չափանիշներն արտացոլող ժամանակակից ուսումնական ծրագրով, և այդ ծրագիրն իրականացնել տասնյակ առաջատար կրթական հաստատություններից ժամանող առաջնակարգ դասախոսների օգնությամբ։

«Դիվանագիտական վերապատրաստման միջազգային ֆորումի» շրջանակում, ինչպես նաև անմիջականորեն գործընկեր հաստատությունների, ակադեմիական ոլորտի աշխատակիցների, գիտնականների և դիվանագետների հետ փորձի և տեսակետների փոխանակումը, ինչպես նաև ISA (Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիա) և CEEISA (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիա) համաժողովներին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում կանոնավոր կերպով թարմացնելու դասավանդման մեխանիզմները և համագործակցելու ոլորտի առաջատար արհեստավարժ մասնագետների հետ։

Դիվանագիտական դպրոցի դասախոսները ժամանում են բազմաթիվ երկրներից՝ ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Սլովենիա, Չեխիայի Հանրապետություն, Լյուքսեմբուրգ, Էստոնիա, Իտալիա, Հնդկաստան, Մալթա, Արգենտինա, Ուկրաինա, Ավստրիա, Սլովակիա, Իսպանիա, Գերմանիա, Ռումինիա։

Դիվանագիտական դպրոցը համագործակցության համաձայնագրեր է կնքել Ուկրաինայի, Արգենտինյան Հանրապետության, Էստոնիայի, Ռուսաստանի Դաշնության, Չեխիայի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության գործընկեր հաստատությունների հետ։

Հետադարձ կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի դիվանագիտական դպրոց

Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկ, Երք, Չրք, Հնգ, Ուրբ

Ժամը 10։00-ից 19։00

Հասցե՝ ՀՀ, Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության շենք 2

Հեռ.՝ (+374 60) 620221

Էլ. հասցե՝ contact@diplomaticacademy.am

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնարար փաստաթղթեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի պաշտոնական կայքէջը