Կրկժանի ռազմական հենակետերի վնասազերծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրկժանի ռազմական հենակետերի վնասազերծում։ Տեղի է ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 26-27-ին վերսկսվել և ավարտվել է 1992 թվականի հունվարի 19-20-ին։ Սկսած 1990 թվականից՝ Կրկժանը (Ստեփանակերտի արվարձան) վերածվել է ռազմական հենակետի և այնտեղից պարբերաբար հրթիռահրետակոծվել է Ստեփանակերտը։ 1991 թվականի գարնանը Կրկժանում կազմավորվել է ընդհատակյա ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Բ. Սարգսյան), իսկ արվարձանի հայկական թաղամասում և շրջակայքում տեղակայվել են «Արամ», «Արսեն», «Վարդան», «Սարո», «Լյովա», «Անդրանիկ», «Կարո», «Գենա», «Բենո», «Գագո», «Սլավիկ» և այլ կամավորական ջոկատներ՝ ընդամենը՝ 260 ազատամարտիկ։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ա. Տեր-Թադևոսյանը։ 1988 թվականի նոյեմբերին ԼՂ-ից դուրս են բերվել ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը և ԶՈՒ ստորբաժանումները։ ԼՂ ԻՊՈՒ-ի համար ստեղծված նոր նպաստավոր դրության հնարավոր հետևանքները կանխազգալով՝ հակառակորդը ուղղաթիռներով նոր ջոկատներ, զենք, զինամթերք, սննդամթերք է առաքել Կրկժան և շրջակա ադրբեջանաբնակ գյուղեր, այնտեղից տարհանել կանանց ու երեխաներին, շրջափակել Կրկժան-Ստեփանակերտ ճանապարհահատվածը և քաղաքը հաճախակի հրետակոծել խոշոր տրամաչափի գնդացիրներով, զրահամեքենաների հրանոթներով, «Ալազան» և ծանր զենքի այլ տեսակներով։ Դիրքային մարտավարությունից հետո, 1991 թվականի դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը, հայկական ուժերը գրոհել են հակառակորդի դիրքերի վրա՝ հայկական թաղամասի, Մելիք-Փաշաև փողոցի վերնամասի «Կոբրա» դիրքի ուղղություններով։ Չորս զոհ տալուց հետո հայկական ուժերը նահանջել են և կարճ դադարից հետո վերսկսել մարտական գործողությունները։ Վնասազերծել են հակառակորդի՝ մի քանի տներում և դպրոցում տեղակայված կրակակետերը, գերել 8 զինյալ։ Հունվարի սկզբին կամավորական ջոկատները վերահսկողության տակ են առել Կրկժանը հարող բարձունքները, Կրկժան-Ղայբալի, Կրկժան-Քյոսալար ճանապարհահատվածները։ Հունվարի 19-ի լույս 20-ի զիշերը հայկական ուժերը վերսկսել են հարձակումները գնդակոծելով կրակակետերը՝ վաղ առավոտյան չորս կողմից գահով մտել են արվարձան և վնասազերծել բոլոր կրակակետերը։ Հակառակորդն առանց լուրջ ղիմադրության նահանջել է Ղայբալի։ Կրկժանի կրակակետերի վնասազերծումով կասեցվել են այնտեղից Ստեփանակերտի գնդակոծությունները և հարձակումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։