Կրակակայունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրակակայունություն, մետաղների և համաձուլվածքների՝ բարձր ջերմաստիճաններում օդի կամ գազային այլ միջավայրերի ներգործությամբ մակերևույթի քիմիական քայքայմանը դիմադրելու ընդունակություն։ Օքսիդացնող մթնոլորտում մետաղի (համաձուլվածքի) կրակակայունությունը որոշվում է մետաղի մակերևույթին առաջացող օքսիդների շերտի (օքսիդաթաղանթ) հատկություններով։ Օքսիդաթաղանթը դժվարացնում է գազի դիֆուզիան դեպի մետաղի խորքը և դրանով խոչընդոտում գազային կոռոզիայի զարգացմանը։ Կրակակայունության քանակական բնութագրերն են. թթվածին կլանելու հաշվին փորձարկվող նմուշի զանգվածի մեծացումը կամ նմուշի մակերևույթից օքսիդաթաղանթը հեռացնելու պատճառով զանգվածի փոքրացումը։ Այդ բնութագրերը տրվում են մետաղի միավոր մակերևույթի համար փորձարկման ժամանակի միավորի ընթացքում։ Միաժամանակ հաշվի է առնվում նմուշի (շինվածքի) մակերևույթի վիճակը, որը միևնույն քանակական բնութագրերի դեպքում կարող է լինել որակապես տարբեր։ Կրակակայունությունը, ինչպես նաև կրակաամրությունը, տվյալ նյութի՝ բարձր ջերմաստիճանային ծառայության համար պիտանի լինելու հիմնական հայտանիշներն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 672