Կտրանցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կտրանցում (անգլ.՝ Cut), ֆիլմի հետարտադրության գործընթացում՝ կինո և վիդեո խմբագրման մեթոդներից մեկն է։ Կտրելու և ընտրելու միջոցով կատարվում է տեսարանների անցում, որի արդյունքում տեսարանները կամ կադրերը միանում են։ Կտրանցումը խմբագրման հիմնական երեք անցման մեթոդներից մեկն է՝ լուծանցման (անգլ.՝ Dissolve) և արտամղման (անգլ.՝ Wipe ) հետ մեկտեղ։ Եզրը առաջացել է տեսաժապավենի ֆիզիկական գործողության անունից, բայց նաև կիրառելի է ծրագրային ապահովման խմբագրման ժամանակ։ Անգլախոս կինեմատոգրաֆիաիստների շրջանում եզրի անգլերեն տարբերակը՝ «Cut», օգտագործվում է նաև կինոնկարահանման ժամանակ, որպես ռեժիսորի «վերջ» կարգադրություն։

Պատմություն[խմբագրել]

Կինեմատոգրաֆիաի ստեղծման առաջին տարիներին կինոժապավենի երկարությունը սահմանափակ էր։ Երկարատև շարժապատկերներ ստանալու համար կարիք կար կարճ հատվածները միացնել իրար։ Իրական ֆիլմերի (անգլ.՝ Actuality film) ռեժիսորները ժապավենի կոճերը միացնում էին իրար միանգամից երկար ժամանակ նկարահանելու համար։ Պատումային ֆիլմերի (անգլ.՝ Narrative) ռեժիսորները ընդհակառակը գերադասում էին նկարել կարճ հատվածներ, հետագայում դրանք կտրել, ընտրել լավ հատվածները և հավաքել նորից։ Արդյունքում հեռացվում էին ավելորդ կադրերը և հնարավորություն էր ընձեռնվում դիտողի ուշադրությունը հրավիրել կարևոր նյութի վրա։

Կտրանցման տեսակներ[խմբագրել]

  • L-cut, երբ տեսանյութն ու ձայնանյութը խմբագրվում են ոչ համաժամանակյա (ոչ սինխրոն) կերպով։ Օրինակ, երբ մոտեցող մեքենաների ձայները ազդանշան են հանդիսանում դիտողի համար, որ ամենայն հավանականությամբ հաջորդ տեսարանում փողոցային երթևեկության պատկեր է երևալու կամ էլ տեսարանը կկատարվի դրսում։
  • Ցատկանցում, (անգլ.՝ jump cut) կտրանցման տեսակ է, երբ տեսարանի շարունակականությունը ակնհայտ կտրտված է։ Չնայած դա հաճախ սխալի արդյունք է, բայց երբեմն կարող է միտումնավոր օգտագործվել առավել դրամատիկ ազդեցության համար։
  • Հեռանցում (անգլ.՝ cutaway), կտրանցման տեսակ է, երբ նկարահանված նյութի մեջ դրվում են այլ կադրեր, որ տեսողականորեն ընդհատում են պատումը՝ ցուցադրելու համար միաժամանակ տեղի ունեցող որոշ կարևոր գործողություններ, կամ այնպիսի գործողություն, որի մասին է հենց խոսվում։ Ձայնային հեռանցումը ավելի քիչ է տարածված, քանի որ նույն ազդեցությունը չի ունենում։
  • Խաչանցում (անգլ.՝ cross cut), նման է երկխոսության մեջ օգտագործվող այն կտրանցմանը, որտեղ երկխոսության սուբյեկտները, մասնակիցները պարտադիր չէ, որ նույն տեսարանում լինեն (կամ նույնիսկ նույն ժամանակաշրջանում)։ Դա առաջացնում է նույն ինտիմ, մոտիկ, մտերիմ մթնոլորտը, ինչպես երկխոսության կտրանցման դեպքում։
  • Սազանցում (անգլ.՝ match cut), խաչանցման պես իրար է կապում, առնչակցում 2 տեսարաններ, որ նմանվում են տեսողականորեն կամ այլ կերպ։
  • Գործողության կտրանցում (անգլ.՝ cutting on action), իրար է կապում կոմպոզիցիոն համանմանությամբ 2 տեսարաններ։ Օրինակ՝ ատրճանակի ձգանի սեղմումը, որ նախորդում է կրակոցի ձայնին, կտրանցում է շամպայնի խցանի գմփոցին։

Տես նաև[խմբագրել]