Կոտայքի մարզային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտայքի մարզային գրադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակմարզային գրադարան
Գործունեության ոլորտգրադարանային գործ
ՏեղադրությունՀրազդան, Կոտայքի մարզ
ՀասցեԵրևանյան փողոց 11, 1-ին հարկ
Այլ տվյալներ
Կայքkotayk.reglib.am(հայ.)

«Կոտայքի մարզային գրադարան» ՊՈԱԿ, Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություն, Կոտայքի մարզի ամենամեծ գրադարանը։ «Կոտայքի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվել է մշակութային, տեղեկատվական, կրթական գործունեություն իրականացնելու նպատակով։

Գրադարանը գտնվում է Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկում[1]։ Զբաղեցնում է 592 քմ տարածք։ Գրադարանի գրքային հավաքածուն առ 01․01․ 2018 թվականին կազմել է 80․546 միավոր, ընթերցողների թիվը՝ 5750, գրքատացքը՝ 132․411։ Գրադարանի հիմնական ֆոնդը ներառում է հայերեն և օտարալեզու գրքեր, հանդեսներ, ամսագրեր, ատլասներ, քարտեզներ և այլն։

Գրադարանի աշխատանքային ժամերը. Երկուշաբթի-ուրբաթ` 09։00- 20։00։ Շաբաթ` 11։00-19։00 Հանգստյան օրը՝ կիրակի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի բոլոր գրադարանները հիմնադրվել են 1920-ական թվականներին խրճիթ-ընթերցարանների հիման վրա։ 1960-ական թվականներից ինչպես Հրազդանում, այնպես էլ տարածաշրջանի մյուս բոլոր քաղաքներում և գյուղերում գործել են քաղաքային և գյուղական բազմաթիվ գրադարաններ։

1981 թվականին կազմավորվել է գրադարանների կենտրոնացված համակարգը (ԳԿՀ) ՝ կենտրոնական գրադարանով։ Հրազդան, Չարենցավան և Ծաղկաձոր քաղաքների ու շրջակա գյուղերի գրադարանները, որպես մասնաճյուղեր, մտել են ԳԿՀ-ի կազմի մեջ։

Կենտրոնական գրադարանի հիմնական ֆոնդը 1981 թվականին կազմել է 40.200 միավոր։ Գրադարանն ունեցել է հետևյալ ստորաբաժանումները՝ սպասարկման բաժին, մանկական բաժին, ընթերցասրահ, միասնական ֆոնդերի բաժին, մշակման և համալրման բաժին։

1997 թվականին ԳԿՀ-ն լուծարվել է, մասնաճյուղ-գրադարանները դարձել են համայնքային, իսկ կենտրոնական գրադարանը՝ մարզային։ Այն վերանվանվել է «Կոտայքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի։ Կազմակերպությունը հանդիսանում է «Կոտայքի մարզի հանրապետական գրադարանի» պետական հիմնարկի իրավահաջորդը։

ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանի տնօրենի աշխատանքն իրականացրել են հաջորդաբար Մ․ Նազարյանը (1981-1985 թթ.) և Ժ․ Գևորգյանը (1985-2014 թթ.)։

2014 թվականից Կոտայքի մարզային գրադարանը ղեկավարում է Ա․Խեչոյանը։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանն ունի 5 բաժիններ՝ սպասարկման բաժին, մանկական բաժին, գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժին, մատենագիտական և մեթոդական բաժին, գրադարանային գործընթացների ավտոմատացման և թվայնացման բաժին, համալրման և մշակման բաժին։ 

Սպասարկման բաժին

Սպասարկման բաժինն ունի իր առանձին գրքային հավաքածուն, որը պարբերաբար համալրվում է բոլոր ճյուղերի վերաբերյալ արդիական գրականությամբ։ Բաժինը աշխատանք է ծավալում տարբեր խմբերի ընթերցողների հետ։ Հիմնական գործառույթը գրադարան-ընթերցող կապի ապահովումն է։ Բաժինը կազմակերպում և անցկացնում է բազմաբնույթ միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, արվեստագետների և նշանավոր մարդկանց հետ, ինչպես նաև՝ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ։ 2018 թվականին բաժնում բացվել է իսպանական գրականության անկյունը։

Մանկական բաժին

Մանկական բաժինն իրականացնում է շերտավորված սպասարկում՝ ըստ տարիքային խմբերի․ նախադպրոցական տարիք, կրտսեր տարիք, դպրոցական միջին տարիք, դպրոցական բարձր տարիք։ Սպասարկումն իրականացվում է անհատական և խմբային մեթոդներով։ Կազմակերպվում են ուսուցողական բնույթի թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր, մանկական գեղարվեստական ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում, հեքիաթների ունկնդրում, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, արվեստագետների և այլ նշանավոր մարդկանց հետ, ինչպես նաև ստեղծագործական ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, ինտելեկտուալ մրցույթներ։

Սպասարկման և մանկական բաժիններում ապահովված է ընթերցողների ազատ մուտքը գրապահոցներ (բաց դարակային համակարգ), որտեղ վերջիններս իրենց ճաշակին և նախասիրություններին համապատասխան գրքեր ընտրելու հնարավորություն ունեն։ Բաժիններում աշխատում են փորձառու մասնագետներ, որոնք օգնում են ընթերցողներին գրքեր ընտրել, օգտվել քարտարաններից, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ստանալ։ 

Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժին

Բաժինն ունի առանձին հարուստ ու բազմաբովանդակ հավաքածու, որը սիստեմատիկորեն համալրվում է արդիական գրականությամբ։ Բաժինը կատարում է պարբերական մամուլի բաժանորդագրություն, վարում է պարբերական հրատարակությունների քարտարան։ Մատենագիտական և մեթոդական բաժնի հետ համագործակցելով՝ ապահովում է ընթերցողների տեղեկատու-մատենագիտական սպասարկումը։

Մատենագիտական-մեթոդական բաժին Բաժնի հիմնական խնդիրն է ընթերցողական բոլոր խմբերին տեղեկատու-մատենագիտական սպաասարկմամբ ապահովելը։ Բաժինը վարում է թեմատիկ («Քրիստոնեություն 1500-ամյակ», «Հայոց մեծ եղեռն-100», «Վիլյամ Սարոյան», «Հովհաննես Թումանյան», «Թավշյա հեղափոխություն» և այլն) և հանձնարարական քարտարաններ։ Բաժինը կազմում է թեմատիկ հիշարժան տարեթվերին նվիրված հանձնարարական ցանկեր։ Վարում է Երկրագիտական քարտարան, որը հանդիսանում է Կոտայքի մարզին նվիրված բոլոր տպագիր երկերի մասին տեղեկությունների ամենաամբողջական աղբյուրը։ Քարտարանում ընդգրկված են Կոտայքի մարզի բոլոր բնակավայրերի մասին տեղեկություններ։

Համալրման և մշակման բաժին Բաժնի հիմնական խնդիրը գրադարանային հավաքածուների համալրման ապահովումն է։ Համալրումն իրականացվում է հաշվի առնելով ընթերցողների նախասիրություններն ու հետաքրքրությունները, նրանց ներկայացրած պահանջարկն ու գրադարանի մերժումները։ Ապահովում է այբբենական, կարգային և համահավաք քարտարանների ստեղծումը, իրականացնում է նոր ստացված գրականության տեխնիկական մշակումը, կատարում է գրքերի առանձնակի հաշվառում։ Բաժնի ամենօրյա աշխատանքի կարևոր մաս է կազմում ընթերցողական պահանջարկի ուսումնասիրումը։

Գրադարանային գործընթացների, ավտոմատացման և թվայնացման բաժին Բաժինը մասնակցում է հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակի ստեղծման աշխատանքներին։ Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակը տեղեկություն է տալիս ոչ միայն Կոտայքի մարզային գրադարանի, այլև Հայաստանի խոշոր գրադարանների գրքային հավաքածուների մասին՝ ընդլայնելով ավանդական գրադարանային հավաքածուների հասանելիությունը։ Բաժինը, Ազգային գրադարանի հետ համագործակցելով, զբաղվում է նաև պարբերական մամուլի վերականգնմամբ։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցում են հայտնիները/ Արմեն Այվազյան

Գրադարանում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ՝ գրքերի ցուցահանդեսներ, գրական երեկոներ, նոր գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ անվանի մարդկանց հետ, քննարկումներ, տեսալսողական նյութերի դիտումներ, տարաբնույթ դասընթացներ և այլն։ Արդեն ավանդույթ են դարձել «Ընթերցում են հայտնիները» և «Մերոնք» միջոցառումները։

«Ընթերցում են հայտնիները» խորագրի ներքո հանրապետության նշանավոր մարդիկ հեքիաթներ կամ փոքրիկ պատմվածքներ են կարդում մանուկ ընթերցողների համար, զրուցում նրանց հետ։

«Մերոնք» շարքի միջոցառումներում ներկայացվում են Կոտայքի մարզի մշակութային կյանքում ավանդ ունեցող մարդիկ՝ գրողներ, նկարիչներ, դերասաններ և այլք։

2016 թվականից գրադարանում գործում է տիկնիկային թատրոն, որի դերասանները գրադարանավարներն են։

Համագործակցություն համայնքային գրադարանների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտայքի մարզային գրադարանը մարզի տարածքում գործող բոլոր գրադարանների մեթոդական կենտրոնն է։ Այստեղ կազմակերպվում են սեմինար-խորհրդակցություններ, կլոր սեղաններ, մեթոդական օգնություն ցուցաբերելու և գրքեր նվիրելու նպատակով հաճախակի այցելություններ են կատարվում համայնքային գրադարաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հրազդանի համայնքապետարան». www.hrazdan.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]