Կոստանդին Սիլվան, Սիղվանոս (ծննդյան թվականն անհայտ է - մոտ 684), Պավլիկյան շարժման առաջնորդ՝ 657 թվականից։ Ազգությամբ՝ հայ։ Գործել է Բարձր Հայքի Մանանաղի գավառում։ 654 թվականին ընդունել է Պողոս առաքյալի աշակերտ Սիղվանոսի անունը և քարոզել պավլիկյան գաղափարներ։ 657 թվականին տեղափոխվել է Բյուզանդական կայսրության Կողոնիայի Կիբոսսա ամրոցը և կազմակերպել պավլիկյան համայնք։ Այրել է մանիքեական գրքերը, ընդունելի համարել միայն Նոր կտակարանն ու Պողոս առաքյալի թղթերը՝ դրանք մեկնաբանելով պավլիկյան գաղափարախոսության տեսանկյունից։ Զոհվել է (այլ կարծիքով 681 թվականին) պավլիկյանների դեմ Միմեոն զորավարի գլխավորությամբ բյուզանդական արշավանքի ժամանակ։ Հույն պատմագիրներ Պետրոս Սիկիլիացին, Փոտը և Գևորգ Վանականը Կոստանդին Սիլվային համարել են Պավլիկյան շարժման հիմնադիր։ Իրականում Կոստանդին Սիլվան հեղաշրջում է կատարել պավլիկյան գաղափարախոսության մեջ՝ այն մաքրելով մանիքեությունից ժառանգած զրադաշտական դրույթներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 615)։