Կոնտակտային հանքավայրեր
Կոնտակտային հանքավայրեր (կոնտակտ-մետամորֆային, կոնտակտ-մետասոմատիկ), օգտակար հանածոների հանքավայրեր, որոնք առաջացել են ինտրուզիվ մագմատիկ և ներփակող ապարների կոնտակտներում, առավելապես ինտրուգիայից դուրս։ Մագման, մղվելով երկրակեղևի վերին հորիզոնները, ներփակող ապարներին փոխանցում է մեծ քանակությամբ ջերմություն, երբեմն ցնդող միացություններ (ջրի գոլորշիներ, բոր, ֆտոր, քլոր և այլն) և ծանր մետաղներ։ Դրա հետևանքով ներփակող ապարները փոփոխվում են, և նրանց մեջ առաջանում են նոր միներալների ու հանքանյութերի կուտակներ։ Արտաքին ճնշումը մագմատիկ օջախի ճնշմանը գերազանցելիս, մագման ներփակող ապարներին տալիս է միայն ջերմություն, որի ազդեցությամբ վերախմբավորվում են ապարներում եղած նյութերը, և գոյանում նոր միներալներ (նորմալ կոնտակտային մետամորֆիզմ)։ Իսկ երբ մագմատիկ օջախի ճնշումն է մեծ արտաքին ճնշումից, բացի ջերմությունից, մագմայից անջատվում են նաև տարբեր քանակությամբ զանազան նյութեր, որոնք տեղակալում են ներփակող ապարներին (կոնտակտային մետասոմատոզ)։
Առավել դյուրին կոնտակտային փոփոխությունների ենթարկվում են կարբոնատային ապարները։ Կոնտակտային հանքավայրերը կապված են սկառների հետ և հաճախ սկառնային հանքավայրեր անունն են կրում։ Կոնտակտային հանքավայրերի գենետիկական տիպին են դասվում երկաթի, պղնձի, վոլֆրամի, մոլիբդենի, ոսկու, ինչպես նաև նռնաքարի, անդալուզիտի, կորունդի և այլ հանքավայրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 582)։ |