Կիպրոս Քվիհոյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիպրոս Քվիհոյի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ բոգածաղկավորներ
Ընտանիք ձիթազգիներ
Ցեղ Կիպրոս
Տեսակ Կիպրոս Քվիհոյի
Լատիներեն անվանում
L. qսiհօսi Carr


Կիպրոս Քվիհոյի (լատին․՝  L. qսiհօսi Carr), ձիթազգիների ընտանիքի, կիպրոս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է' մինչև 2 մ բարձրությամբ։ Կարճ կողմնային ճյուղերը հաճախ փշապատ են։ Ընձյուղները աղվամազապատ են, մոխրադեղնավուն։ Տերևները էլիպսաձև են, երկարավուն էլիպսաձև կամ երկարավուն հակառակ ձվաձև, 1-4 սմ երկարությամբ, 0,5-1,5 սմ լայնությամբ, բութ գագաթով, թաղանթանման, մերկ, վերևի կողմից՝ մուգ կանաչ, ներքևի կողմից՝ բաց կանաչավուն, լայն սեպաձև հիմքով, դեպի ցած ոլորված եզրերով։ Տերևակոթունները կարճ են, մազմզուկապատ։ Ծաղկաբույլերը գագաթնային են և կողային, մազմզուկապատ առանցքով։ Ծաղիկները մանր են, սպիտակ, անախորժ հոտով, հավաքված նստադիր փնջերում, առաջացնում են 4 սմ երկարությամբ և 1,5 սմ լայնությամբ գլանաձև հասկիկներ, որոնք իրենց հերթին հավաքված են 10-20 սմ երկարությամբ գլանաձև հուրաններում։ Պսակի խողովակը կրկնակի անգամ երկար է բաժակից։ Բաժակի մասերը կարճ են խողովակից։ Փոշանոթները ավելի երկար են բաժակի մասերից։ Պտուղը ձվաձև է, փայլուն, մուգ մանուշակագույն, 0,5 սմ տրամագծով։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Չինաստանում, Սիչուան, Շենսի, Յունան նահանգներում, լեռներում, ծովի մակարդակից մինչև 2500 մ բարձրության վրա։

Հայաստանի հանրապետությունում հանդիպում է հիմնականում Երևանի բուսաբանական այգում և նրա Վանաձորի բաժանմունքում։ Երկու դեպքում էլ առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Ցուրտ և երկարատև ձմռան դեպքում Երևանում ցրտահարվում են միամյա շիվերը։ Վանաձորում երբեմն ավելի ուժեղ է ցրտահարվում։ Հեռանկարային է հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 256։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոս Քվիհոյի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոս Քվիհոյի» հոդվածին։