Կարմիր Լոռի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Կարմիր Լոռի», բոլշևիկյան ագիտացիոն թերթ։ Հանդիսացել է ՀԿ(բ)կ Լոռվա գավառային և հեղափոխական կոմիտեների օրգանը։ Լույս է տեսել 1921-1922 թվականներին։ Հիմնադրվել է Ալավերդիում, Լոռու՝ 1921 թվականի փետրվարյան ապստամությունից հետո, որի հետևանքով Լոռին կցվեց Խորհրդային Հայաստանին։ 1921 թվականի դեկտեմբերին գավառական կենտրոնը տեղափոխվեց Ջալալօղլի (այժմ՝ Ստեփանավան), որտեղ էլ շարունակվեց հրատարակվել անկանոն պարբերականությամբ։ Տպագրվել է Ղարաքիլիսայում (հետագայում՝ Կիրովական, այժմ՝ Վանաձոր), Կարմիր բանակի զորակայանի տպարանում։ Խմբագիրներ՝ Կ. Ղազարյան, Գ. Մեհրաբյան, Սիմակ Սահակյան (Մաճկալ Շմավոն)։

Տեղական բարբառին մոտ լեզվով ներկայացրել է խորհրդային ռեժիմի կառուցվածքն ու էությունը, ծանոթացրել Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությանը։ Լուսաբանել է գավկոմի, գյուղխորհուրդների գործունեությունը, մեծ տեղ տրամադրել հողային հարցի լուծմանը։

Խորհրդային հասարակարգի կառուցման գործում կարևոր դեր է հատկացրել կանանց շրջանում տարվող աշխատանքներին, երիտասարդության ագիտացիոն դաստիարակության, կրթության և սպորտի հարցերին։ Ունեցել է «Լոռվա կարմիր երիտասարդ», «Լոռվա աշխատավոր կնոջ թերթիկ», «Հեծգնդի թերթիկ» էջերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 333 CC-BY-SA-icon-80x15.png