Կարգ հիվանդաց և վերջին օծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կարգ հիվանդաց և վերջին օծում, այցելություն հիվանդներին, Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից։

Խորհուրդի հիմնական նպատակը հիվանդի մեղքերը քավելն է՝ խոստովանությամբ, զղջումով ու մեղքերի թողությամբ։

Այս խորհուրդով եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալներին՝ ապաքինության և կազդուրման համար։ Հայ եկեղեցում Կարգ հիվանդացի խորհրդակատարությունը կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից»։ Կատարում է եկեղեցու պաշտոնյան՝ «ի վերա ծանր հիվանդաց՝ ի բժշկություն ցավոցն և ի քավություն հանցանաց»։ Հիսուս Քրիստոսը տարբեր ձևերով է կատարել հիվանդների բժշկությունը, երբեմն՝ ձեռքի հպումով, երբեմն էլ՝ միայն խոսքով։ Հաճախ բժշկելուց առաջ մեղքերի թողություն է տվել ենթակային (Մատթեոս 9.2–7) և պատվիրել, որ մեղք չգործի (Հովհաննես 5.14), որովհետև մեղքը և մարդկային մոլորություններն ընդհանրապես համարվում են հիվանդության սկիզբն ու պատճառը։ Քրիստոսն իր 12 առաքյալներին իշխանություն տվեց բժշկելու հիվանդներին՝ աղոթքով, ձեռք դնելով, յուղով օծելով (Մատթեոս 10.1–8, Մարկոս 6.12–13, 16.18, Գործք 28.8)։ Կարգ հիվանդացը կատարվում է հիվանդների վրա, որպեսզի նրանք բժշկվեն Սուրբ Հոգու զորությամբ։ Խորհուրդի կատարման հիմքը զղջումն է և հավատը. «Եվ հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակոբոս 5.15)։ Հիվանդի հավատը և մեղքերից հրաժարվելու մտադրությունը էական պայմաններ են բժշկվելու համար, և Հիսուս Քրիստոսը հաճախ է շեշտել հավատի կարևորությունը (Մատթեոս 9.27–30)։ Կարգ հիվանդացի խորհուրդը Հայ եկեղեցում դիտվում է որպես Վերջին օծման շարունակական լրացում։ Հայ եկեղեցին Վերջին օծման խորհուրդը կատարում է Դրոշմի խորհուրդի ժամանակ (զգայարանների կնքումով)։

Իրենց նախնական վիճակում Վերջին օծումը և Կարգ հիվանդացը զուգակցված են եղել։ Հետագա դարերում Հայ եկեղեցու հայրերն օծման արարողությունն անջատել են աղոթական մասից, միավորել Դրոշմի խորհուրդին և դարձրել մեկ անգամ կատարվող խորհուրդ, իսկ մնացած մասը՝ Կարգ հիվանդացը, վերածվել է շարունակաբար կատարվող հոգևոր բարեպաշտական արարողության։

Դրվագ Հովհաննես առաքյալի Ավետարանից

Հույն և Կաթոլիկ եկեղեցիները գործադրում են յուղով օծելու սովորությունը։ Հայ եկեղեցին որդեգրել է ձեռք դնելով, աղոթքներով, աստվածաշնչյան ընթերցումներով բժշկելու ձևը. յուղով օծելու սովորությունը ներկայումս չի գործադրվում։ Հիսուս Քրիստոսը մարդկանց բժշկելու համար երբեք յուղ չի գործածել։ Հայ եկեղեցին հունա-հայկական և լատինահայկական վեճերի ժամանակ հրահանգել է երբեմն գործածել յուղը՝ հիվանդների օծման համար, սակայն դա տևական չի եղել և դադարել է, հավանաբար, VIII–IX դարերում։ XII դարում հայ մատենագիր, մեկնիչ Սարգիս Շնորհալին գրել է, որ «հիվանդին առողջություն տվողը ոչ թե յուղն է, այլ՝ Տիրոջ անունը»։ Հայ եկեղեցին ունի իր ննջեցյալ եկեղեցականներին օծելու սովորությունը, բայց դա խորհուրդ չէ։ Վերջին անգամ օծվում է ննջեցյալի ճակատն ու աջ ձեռքը։ Կարգ հիվանդաց և վերջին օծման խորհուրդից բացի Հայ եկեղեցին ունի նաև մահամերձ հիվանդներին «հաղորդ տալոյ» (հաղորդություն տալու) կանոնը՝ կարևորելով այդ արարողությունը իբրև նախապատրաստություն հանդերձյալ կյանքի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png