Կարապետ Քարամյանը ծնվել է Նախիջևանում։ 1934-1936 թվականներին սովորել է ԽՍՀՄ զինված ուժերի Ս. Տիմոշենկոյի անվան ռազմատրանսպորտային ակադեմիայում։ 1940 թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1932-1934 թվականներին եղել է Երևանի ինդուստրիալ ինստիտուտի, 1937-1939 թվականներին՝ ՀԿԿ Երքաղկոմին կից երեկոյան կոմունիստական համալսարանի տնօրեն։ 1941-1942 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, այնուհետև նշանակվել Թելավի զինվորական ուսումնարանի ավագ դասախոս։ 1944-1948 թվականներին եղել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, 1948-1963 թվականներին՝ ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը։ 1963 թվականից աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում (ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, պատմության ֆակուլտետի դեկան)[1]։
Աշխատությունները հիմնականում նվիրված են հայ ժողովրդի պատմության նոր շրջանին։ 1966 թվականին նրա գրած «Միջազգային դիվանագիտությունը և հայկական եղեռնը» աշխատության մեջ տրված է հայկական հարցի դիվանագիտական պատմությունը սկզբնավորման օրից մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը։ 1969 թվականին գրած «Հայ ժողովրդի ազատագրական պայքարի և ագգային-ազատագրական շարժման օրինաչափության հարցը» ուսումնասիրության մեջ Քարամյանը նկարագրել է թուրքական բռնատիրության տակ գտնվող արևմտահայերի սոցիալական ծանր վիճակը, որը և հանդիսացել է ազգ-ազատագրական պայքարի հիմնական պատճառը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։