Կարապետ Յազմաչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարապետ Յազմաճյան (1868–1929)՝ օսմանահայ նկարիչ[1]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Քադըքյոյի Սուրբ Թագավոր եկեղեցում մահացածների գրանցման ցուցակի՝ Յազմաճյանը ծնվել է Ուսքյուդարում, և կնոջ անունը Տերունի էր։ Յազմաճյանը ինտրովերտ մարդ էր և հմուտ ջութակահար։ Նրա առաջին կինը՝ Նուբար փաշայի ազգականը, իրենից քսան տարով մեծ էր և մահացավ նրանց ամուսնությունից չորս տարի անց։ Այնուհետև Յազմաճյանի տունն այրվել է, և մի քանի նկարից բացի, ոչինչ չի փրկվել։ Փրկված նկարները ընկերոջ խանութ տանելիս գողերը հարձակվել և ծեծի են ենթարկել նրան, իսկ նկարները գողացել են։ Դրանից հետո որոշ ժամանակ Յազմաճյանը շոկի պատճառով չէր կարողանում խոսել։ Նա որոշ ժամանակ ապրել է այդ ընկերոջ խանութում՝ Քադըքոյում, մինչև որ սիրահարվել է Սրբուհի անունով մի այրի կնոջ, որի աղջիկը Իտալիայում լատիներեն էր սովորում։ Ի վերջո, Սրբուհին և Կարապետն ամուսնանում են և Սիրպուհի դստեր՝ Ալիսի՝ Իտալիայից վերադառնալուց հետո ընտանիքը տեղափոխվում է Ջևիզլի, սակայն ութ ամիս անց Կարապետ Յազամաճյանը մահանում է սրտի կաթվածից։

Նկարչական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յազմաճյանը օգտագործել է գունային հարմոնիաներ և պատկերել է այնպիսի թեմաներ, որոնք շատ մոտ նման են Մկրտիչ Ճիվանյանի (1848–1906) ստեղծագործությունների թեմաներին։ Յազմաճյանի վրձնահարվածները, սակայն, ավելի ազատ են և անփույթ։ Ինչպես Ճիվանյանը, Յազմաճյանը ևս ստիպված էր շատ նկարներ նկարել, որպեսզի ապահովեր իր ապրուստը։ Նա նկարներ է նկարել նաև տեղի հայկական եկեղեցիների համար։ Այդ նկարներն ավելի մշակված են, ուշադիր և զտված։

Նրա աշխատանքներից է խանութի երկկողմանի ցուցանակը, որը նա նկարել է սեփական բիզնեսի համար։ Կողմերից մեկին նկարիչը պատկերել է ինքն իրեն, իսկ հակառակ կողմում՝ նատյուրմորտ։ Այս հնարքով նա փորձում էր իր պոտենցիալ հաճախորդներին տեղեկացնել, որ նա պատրաստ է ստանալ և՛ դիմանկարի պատվերներ, և՛ նատյուրմորտների։ Խանութի այս ցուցանակը նաև ապացույց է, որ Յազմաճյանը եղել է նաև հմուտ առևտրական։ Այս փաստը նաև հուշում է, որ այդ ժամանակաշրջանում նկարները դիտվում էին որպես առարկաներ։ Դրանք պատվիրվել և դիտվել են որպես ապրանքներ, հատկապես ոչ մահմեդական փոքրամասնությունների շրջանում։

Յազմաճյանի առավել հետաքրքիր գործերից է «Գայթակղիչ կինը՝ բերանում թույն» նկարը։ Այս նկարում պատկերված է մերկ տղամարդ, որի շուրջ փաթաթված է կիսաօձ-կիսամարդ Բազիլիսկը, որն ունի երկար ճանկեր։ Բազիլիսկը կարծես Աստծուն է նայում՝ զայրացած, որ չկարողացավ կատարել իր ցանկությունները։ Քննարկման ենթակա է, թե ինչու է տղամարդը իր ձեռքում պահում կարմիր գավաթը և ինչ նշանակություն և խորհուրդ ունի այն։ Յազմաճյանն այս նկարում առաջարկել է հետաքրքիր գունային լուծումներ․ տղամարդուն պատկերել է բաց գույնի մաշկով, և, ի հակադրություն դրա, օձին պատկերել է կապույտ երանգով։


Կարապեը Յազմաճյանը ստորագրել է գրեթե բոլոր աշխատանքները՝ օգտագործելով իր անվան սկզբնատառը և ազգանունը՝ «Կ․ Եազմաճեան» կամ «G. Yazmadjian»

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kürkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire: 1600-1923. Istanbul: Matusalem publ. էջ 846. ISBN 9789759201531.