Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում (աշխատություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, ներքին շուկայի առաջացման գործընթացը խոշոր արդյունաբերության համար, Վ. Ի. Լենինի աշխատությունը, ուր հետազոտվում են Ռուսաստանի տնտեսական և սոցիալ-դասակարգային կառուցվածքը, տրվում XIX դ. վերջին քառորդում կապիտալիզմի զարգացման համապարփակ վերլուծությունը։

Գրվել է 1896—1899 թվականներին, հրատարակվել՝ 1899մարտին։ «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» խոշոր ավանդ է մարքսիստական տնտեսագիտական տեսության մեջ, ուղղված էր «լեգալ մարքսիզմի» դեմ Uավարտեց նարոդնիկության գաղափարական հիմնովին ջախջախումը։ Օգտագործելով զեմստվոյական վիճակագրության 1880—1890-ական թթ. տփալները՝ Լենինը կարևոր հետևությունների հանգեց գյուղացիության՝ որպես դասակարգի քայքայման, դասակարգային տարբեր խմբերի բաժանման մասին, բացահայտեց վերջինիս պատճառները։ Նա առանձնացրեց կապիտալիզմի պատմական զարգացման երկու փուլ՝ բնատնտեսության վերածումը ապրանքայինի, ապրանքայինը՝ կապիտալիստականի։ Ապացուցեց, որ գյուղացիության, հատկապես չքավոր գյուղացիության սնանկացումը նրա հեղափոխականացման աղբյուրն է։ Քննարկելով մանրապրանքային արտադրությունը՝ Լենինը ցույց տվեց կապիտալիստական հարաբերությունների զարգացման ընթացքը, երբ խորանում է դասակարգային շերտավորումը, մի բևեռում առաջանում են արդյունաբերական մանր կապիտալիստները, մյուսում՝ պրոլետարները և կիսապրոլետարները։

Ընդհանրացնելով Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման փաստացի ամբողջ նյութը՝ Լենինը համակողմանիորեն բացահայտել է ֆեոդալիզմի համեմատ կապիտալիզմի առաջադիմական նշանակությունը, կապիտալիստական տնտեսակարգի հակամարտ հակասությունները, ցույց տվել, որ այդ հակասությունները դրսևորվում են բուրժուազիայի դեմ պրոլետարիատի դասակարգային պայքարի ուժեղացման, պրոլետարիատի՝ որպես կապիտալիզմի գերեզմանափորի, կազմակերպվածության և համախմբվածության մեջ։ Լենինը հիմնավորում է բանվոր դասակարգի ու գյուղացիության դաշինքի և հեղափոխության ժամանակ պրոլետարիատի հեգեմոնիայի գաղափարը, հասարակության քաղաքական ղեկավար ուժի՝ բանվոր դասակարգի պատմական առաքելությունը և գյուղացիության դերը՝ որպես պրոլետարիատի դաշնակցի։ «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում»-ը մի նոր աստիճանի բարձրացրեց կապիտալիստական վերարտադրության, սպառման առարկաների արտադրության համեմատ արտադրության միջոցների արտադրության առավել զարգացման, կապիտալիստական իրացման հակասությունների, կապիտալի օրգանական կազմի աճի, պրոլետարիատի հարաբերական ու բացարձակ դրության վատթարացման, գերարտադրության տնտեսական ճգնաժամերի վերաբերյալ մարքսիստական տեսությունը։ Աշխատությունից բխում է տրամաբանական եզրակացությունը՝ պրոլետարիատը, հանդես գալով որպես բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ղեկավար շարժիչ ուժ, առաջ կընթանա սոցիալիստական հեղափոխության հաղթանակի ուղիով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 261 CC-BY-SA-icon-80x15.png