Կաուլիֆլորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաուլիֆլորիա (հուն․՝ καυλός և լատին․՝ floris բառերից), երևույթ, որի դեպքում բույսերի ծաղիկները ծաղկում են անմիջապես հաստ բնի վրա՝ առանց ծաղկակոթունի։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաուլոֆլորիա: Պտուղները կակաոյի ծառի ցողունի վրա

Կաուլիֆլորիայի ժամանակ ծաղիկները բացվում են ոչ թե ընձյուղների և շիվերի, այլ բազմամյա ճյուղերի և ծառի բնի վրա` անմիջապես հաստ կեղևի տակից։ Գոյություն ունի նաև հատուկ տերմին, երբ պտուղները զարգանում են հաստ ճյուղերի վրա՝ ռամիֆլորիա, որը թարգմանաբար նշանակում է լատներենից՝ ramus - ճյուղ։

Բնագետ Ալֆրեդ Ուոլլեսի ենթադրությամբ ծաղիկները տեղադրված են սաղարթից ներքև, որը հեշտացնում է փոշոտողների գործը։ Այդպիսի ծառերի պտուղները հասանելի են թռչունների և չղջիկների համար, որոնք ուտելով պտուղը՝ տարածում են դրանց սերմերը[1]։

Եթե որոշ բույսերի մոտ դժվար է բացատրել կաուլիֆլորիայի երևույթը, ապա դա միանգամայն հասկանալի է այնպիսի ծառերի մոտ, որոնց պտուղները մեծ չափեր ունեն և պետք է պաշտպանեն բարակ ճյուղերը։

Կաուլիֆլորիան հատկապես բնորոշ է արևադարձային ֆիթեցելլոբիում ցեղին, տրոպիկական բույսերին, որոնց ներկայացուցիչների բնի կեղևը զարդարվում է բազմերանգ ու խոշոր ծաղիկներով, որը զարմանք և հիացմունք է պատճառում դիտողին։

Տեսակներ, որոնք ծաղկում են կաուլիֆլորիայով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացի ծառի պտուղները շատ խոշոր են և ունենում են մինչև 20 կիլոգրամ կշիռ։ Հասկանալի է, որ այդպիսի չափերի պտուղները դժվար կպահվեն բարակ ճյուղերի վրա և ավելի «նպատակահարմար է» դրանք «տեղավորել» բազմամյա հաստ ճյուղերի և բնի վրա։

Կակաոյի ծառի պտուղները կարճ պտղակոթուններով կախված են ծառի բնից, որոնք բավականին գեղեցիկ և խոշոր են։ Պտուղները ոսկեգույն են, երբեմն հասնում են սեխի մեծության։ Քանի որ կակաոն շատ է օգտագործվում հրուշակեղենի արտադրության մեջ, ապա այն հաճախ անվանում են նաև «հրուշակեղենի ծառ»։

Բրազիլական ընկույզին ազգակից կուրուպիտան ծաղկման շրջանում պատվում է բազմագույն ծաղիկներով, որի պտուղները անսովոր խոշոր են։

Առյուծածառի կրեմագույն ծաղկիներն ամբողջությամբ պատում են ծառի սաղարթը և բունը բոլորովին չի երևում։

Մարմելադ ծառին նույնպես բնորոշ է կաուլիֆլորիայի երևույթը։

Կաուլիֆլորիայի երևույթը կարելի է հանդիպել ոչ միայն արևադարձային երկրներում, այլ նաև Հայաստանում։ Երևան է ներմուծվել միջերկրածովյան հուդայածառը, որը ծաղկում է ապրիլի 20-ից։ Լոբու ունդեր հիշեցնող նրա պտուղները նույնիսկ ձմռանն են առատորեն ծածկում բունն ու հաստ ճյուղերը։ Հուդայածառ կա Ազգային ժողովի շենքի, Օպերային թատրոնի այգու, Գյուղատնտեսական ակադեմիայի առջևի այգում՝ Աբովյան փողոցի կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jeremy M.B. Smith. «Tropical forest: Population and community development and structure: Relationships between the flora and fauna -- Encyclopædia Britannica». Վերցված է 2008 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաուլիֆլորիա» հոդվածին։