Կամավոր մարզական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամավոր մարզական ընկերություն
Երկիր ԽՍՀՄ
Խորհրդային փոստային նամականիշ

Կամավոր մարզական ընկերություն, ԿՄԸ (ռուս.՝ Добровольное спортивное общество, ДСО), սպորտային կազմակերպությունների ցանց Խորհրդային Միությունում։

Միավորում էր ֆիզիկական կուլտուրայով, սպորտով և տուրիզմով զբաղվողներին, աջակցում մարզիկների վարպետության բարձրացմանը, փորձում նպաստել զանգվածային ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի զարգացմանը։ Կամավոր մարզական ընկերությունում ընդգրկված են շրջանների, խոշոր կառույցների, ժողտնտեսության տարբեր ճյուղերի, ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրային կոլեկտիվները։

ԿՄԸ-ներն ունեցել են իրենց կանոնադրությունը, դրոշը, խորհրդանշանը, կրծքանշանը, մարզական հագուստը։ 1986 թվականի դրությամբ, Խորհրդային Հայաստանում գործել են 8 կամավոր մարզական ընկերություն՝ «Աշխատանք», «Սևան», «Դինամո», «Սպարտակ», «Աշխատանքային ռեզերվներ»,«Լոկոմոտիվ», «Զենիթ», «Բուրեվեստնիկ»։

«Աշխատանք»ում ընդգրկված էին արտադրական ձեռնարկությունների և շինարար, կազմակերպությունների բանվոր ծառայողները (130 հազար մարդ), «Սևան»-ում՝ գյուղական վայրերի ազգաբնակչությունը (160 հազար), «Դինամոյում՝ հանրապետության ներքին գործերի մինիստրության և պետական անվտանգության կոմիտեի համակարգի անձնակազմը, «Սպարտակ»-ում՝ առևտրի, արդյունաբերական կոոպերացիայի, թեթև և սննդի արդյունաբերության, քաղաքացիական ավիացիայի, ավտոտրանսպորտի աշխատողները (120 հազար), «Աշխատանքային ռեզերվներ»-ում՝ պրոֆտեխկրթության բնագավառի սովորողներն ու աշխատողները (55 հազար), «Լոկոմոտիվ»-ում՝ երկաթուղային տրանսպորտի (7,5 հազար), «Զենիթ»-ում՝ մեքենաշինության արդյունաբերության որոշ ճյուղերի աշխատողները, «Բուրեվեստնիկ»-ում՝ բուհերի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներն ու աշխատողները (40 հազար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 196