Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 27, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Հովհաննես Գ Օձնեցի
Հովհաննես Գ Օձնեցի

Հովհաննես Օձնեցի (հիշատակվում է նաև որպես Հովհան Իմաստասեր, ծննդյան ճիշտ թվականն անհայտ է, գ. Օձուն (Գուգարք նահանգի Տաշիրք գավառ) – 728, գյուղ Արդվի, թաղված է եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 717 թվականից առ 728թ., աստվածաբան, իմաստասեր, Հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքին: Կաթողիկոսական գահին Հովհաննես Գ Օձնեցուն նախորդել է Եղիա Ա Արճիշեցին, հաջորդել՝ Դավիթ Ա Արամոնեցին:

Ուսանել է Թեոդորոս Քռթենավորի մոտ (Այրարատի Արագածոտն գավառում), այնուհետև՝ Սյունյաց դպրոցում: Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո կարգվել է մի տեղեկությամբ՝ Արագածոտն գավառի, իսկ որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Գուգարաց նահանգի թեմերից մեկի առաջնորդ: Կաթողիկոս ընտրվելուց հետո՝ 719 թվականին մեկնում է Արաբական խալիֆայության մայրաքաղաք՝ Դամասկոս, Օմար ամիրապետց խնդրում է թեթևացնել Հայ եկեղեցու հարկային լուծը, բռնի կրոնափոխ չանել հայրին և առաքելադավաններին, դադարեցնել հալածանքները: Ամիրապետը ընդառաջում է Հովհաննես Օձնեցու խնդրանքներին, իսկ կաթողիկոսն իր հերթին երաշխավորում է արաբական լծի նկատմամբ հայերի հնազանդությունը: Կաթողիկոսին նաև հաջողվում է հասնել արաբական տիրապետության դեմ VIII դ. սկզբում ապստամբած հայ նախարարների համաներմանը:

Արտագաղթած հայ նախարարներին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք և վերատիրանալ իրենց վիճակներին: Հովհաննես Օձնեցին կարողանում է ապահովել նաև արաբական իշխանությունների աջակցությունը քաղկեդոնականության, պավլիկյանների դեմ Հայ եկեղեցու պայքարում: շարունակել...