Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 33, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Ջուղայի գերեզմանատուն, (հայտնի է նաև Ջուղայի խաչքարեր, Ջուղայի հայկական գերեզմանատուն անուններով), հայկական ավերված գերեզմանատուն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքի հարևանությամբ։

Գերեզմանատանն եղել են տարբեր դարերով թվագրվող հազարավոր խաչքարեր և խոյակերպ տապանաքարեր, որոնք ունեցել են պատկերազարդ քանդակներ ու վիմագրական արձանագրություններ։ Այն եղել է աշխարհում խաչքարերի ամենամեծ գերեզմանոցը։

1648 թվականին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով ունեցել է շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար։ 1903–1904 թվականներին Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարությունից հետո, երբ քաղաքի մի շարք հուշարձանների ավերման հետ անվերադարձորեն ոչնչացվել են նաև գերեզմանատան խաչքարերի մեծ մասը, այստեղ արձանագրվել է շուրջ 5 հազար կանգուն և վայր ընկած խաչքար։ 1915 թվականի և ապա 1928–1929 թվականների տվյալներով գերեզմանատանը գրանցվել են մինչև 3000 խաչքար և մի քանի հազար հարթ, երկթեք և խոյաձև տապանաքար։ 1971 և 1973 թվականների հաշվումներով Ջուղայի գերեզմանատանը Մնացել էր ընդամենը 2707, իսկ եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի գերեզմանաաներում և այլուր՝ ևս 250 խաչքար, ինչպես և շուրջ 1000 տապանաքար։

Գերեզմանատան համակարգված ոչնչացման գործընթացը սկսվել է 1920-ական թվականներից, երբ Նախիջևանը ընդգրկվեց Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում։ Նախիջևանից հայերի աստիճանաբար հեռացմանը զուգընթաց ոչնչացվում էին հայկական պատմամշակութային հուշարձանները, այդ թվում՝ նաև Ջուղայի խաչքարերը։ Խորհրդային Ադրբեջանի անկախացումից հետո սկսվեց Ջուղայի գերեզմանատան առավել ակտիվ ոչնչացումը։ Շուրջ 25 տարիների ընթացքում գերեզմանատունը պարբերաբար ենթարկվում էր ավերման, որի վերջակետը դրվեց 2005 թվականին, երբ Ադրբեջանի կառավարության հրամանով և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավմամբ ամբողջությամբ ոչնչացվեց բազմադարյա հազարավոր խաչքարերով հարուստ գերեզմանոցը։․․․ Ավելին