Կալորաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալորաչափ, կալորիմետր (լատ.՝ calor — ջերմություն), սարք, որի օգնությամբ չափում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական որևէ պրոցեսում անջատված կամ կլանված ջերմության քանակությունը։ Կալորաչափ տերմինն առաջարկել են Ա. Լավուազիեն և Պ. Լապշասը 1780թ.-ին։

Ժամանակակից կալորաչափերն աշխատում են 0,1-ից մինչև 3500 K ջերմաստիճանների տիրույթում, դրանցով հնարավոր է չափել ջերմության քանակությունը 10-2% ֊ի ճշգրտությամբ։ Կալորաչափերի կառուցվածքը տարբեր է և կախված է ուսումնասիրվող պրոցեսի բնույթից և տևողությունից, պրոցեսի իրականացման ջերմաստիճանների տիրույթից, չափվող ջերմության քանակից ու պահանջվող ճշգրտությունից։ Պրոցեսի սկզբից մինչև ավարտն անջատվող ջերմության գումարային քանակությունը չափող սարքը կոչվում է կալորաչափ-ինտեգրատոր, պրոցեսի տարբեր փուլերում ջերմության հզորությունը և դրա փոփոխությունը չափող սարքը՝ սցիլիոգրաֆ։ Ըստ կալորաչափման համակարգի կառուցվածքի և չափման եղանակի, տարբերում են հեղուկային ու զանգվածային կալորաչափ, եզակի (մի մասից կազմված) և կրկնակի (դիֆերենցիալ)կալորաչափ։ Իզոթերմ պատյանով փոփոխական ջերմաստիճանի հեղուկային կալորաչափ ինտեգրատորը օգտագործում են լուծման և քիմիական ռեակցիաների ջերմությունները չափելու համար։

Զանգվածային կալորաչափ ինտեգրատորը գլխավորապես օգտագործում են բարձր ջերմաստիճաններում (մինչև 2500°C) նյութերի էնթալպիան որոշելու համար։ Հզորություն չափող կալորաչափ, ի տարբերություն կալորաչափ -ինտեգրատորի, պետք է օժտված լինի զգալի ջերմափոխանակությամբ, որպեսզի դրան արված ջերմության քանակությունն արագ հեռանա, և կալորաչափի վիճակը որոշվի ջերմային պրոցեսի հզորության ակնթարթային արժեքով։ Հզորությունը չափող կալորաչափի օրինակ է ֆրանսիացի գիանական Է. Կալվեի (1895—1966թթ.) ստեղծած կալորաչափը։

Ադիաբատիկ կալորաչափի օգնությամբ որոշվում են պինդ և հեղուկ նյութերի ջերմությունները 0,1-ից մինչև 1000 K տիրույթում։ Սենյակային և ավելի ցածր ջերմաստիճաններում ադիաբատիկ կալորաչափը պաշտպանում է վակուումային պատյանով և տեղավորում Դյուարի անոթում, որը լցված է հեղուկ հելիումով, ջրածնով կամ ազոտով։Բարձր ջերմաստիճաններում (100°C-ից բարձր) կալորաչափը տեղավորում են ջերմակայունացված էլեկտրական վառարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png