Խտացնող միջուկներ
Խտացնող միջուկները պինդ, հեղուկ և գազային մասնիկներն են, որոնց վրա կենտրոնանում են ջրային գոլորշիները։ Խտացնող միջուկները հանդիսանում են ջրային գոլորշիների խտացման կարևոր պայման։
Առաջացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խտացնող միջուկներ կարող են համարվել քամու միջոցով վեր բարձրացած աղի մասնիկները, այրման մնացորդները, գիգրոսկոպիկ գազերը, հրաբխի ժայթքման ժամանակ մթնոլորտ արտանետված գիգրոսկոպիկ մասնիկները տիեզերական փոշին, ամոնիակի մոլեկուլները, մթնոլորտում` էլետրական պարպումների և Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ առաջացող ազոտական միացությունները, մթնոլորտում պարունակվող ջրի մեջ առկա անլուծելի հանքանյութերը` կվարց, կավ, դաշտային սպաթ և այլն։
Խտացնող միջուկների առաջացման հիմնական աղբյուրը համարվում է ցամաքը։ Ցամաքի վրա 1 սմ³ օդում խտացնող միջուկների քանակը տատանվում է 104-106 սահմաններում, իսկ օվկիանոսների և ծովերի վրա այն տատանվում է մի քանի հարյուրից մինչև 1000-ի սահմաններում[1]։
Ամենից ակտիվ խտացնող միջուկներից են գիգրոսկոպիկ մասնիկները։ Այս թվին են պատկանում ծովային աղերը, որոնք մթնոլորտում են հայտնվում ուժեղ ալեկոծությունների ժամանակ, երբ ջրային մակերևույթից ջրային խիստ փոքր կաթիլները գոլորշիանում են, իսկ նրանց մեջ լուծված աղերը կախված վիճակում մնում են օդում։
Խտացնող միջուկների առաջացման հարցում մեծ նշանակություն ունի նաև մարդը իր տնտեսական գործունեությամբ։ Օրինակ ծծմբի անհիդրիդը մեծ քանակությամբ մթնոլորտ է արտանետվում արդյունաբերական գործարաններից ծծմբի այրման արդյունքում։
Դասակարգումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ չափերի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ չափերի առանձնացնում են խտացնող միջուկների երեք խումբ`
- Այտկենի միջուկներ. 5×10−4 - 2×10−5 սմ շառավղով մասնիկներ
- Խոշոր միջուկներ. 2×10−5 - 10−4 սմ շառավղով մասնիկներ
- Հսկա միջուկներ. 10−4 սմ-ից ավելի շառավղով մասնիկներ
Ըստ առաջացման բնույթի
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին տեղի ունեցած «Մթնոլորտային խտացնող միջուկների» կոնֆերանսում ընդունվել է ըստ առաջացման բնույթի հետևյալ դասակարգումը`
- Ծովային ծագման միջուկներ (20%)
- Այրումից առաջացած միջուկներ (40%)
- Հողի մասնիկներ (20%)
- ԱՆհայտ միջավայրի միջուկներ (20%)
Տարածումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խտացնող միջուկների պարունակությունը տատանվում է մեծ սահմաններում. խոշոր քաղաքներում միջինը 1 սմ³ օդում կազմելով մոտ 150000, փոքր քաղաքներում` 35000, գյուղական բնակավայրերում մոտ` 9500, օվկիանոսների վրա և լեռներում` 940[1]։ Խոշոր քաղաքներում խտացնող միջուկների պարունակությունը երկրի մակերևույթի մոտ էականորեն նվազում է ձմեռից ամառ, նվազագույնը դիտվելով` հունիսին։ Այն հիմնականում կապված է տուրբուլենտային փոխանակության ինտենսիվության տատանումների հետ։ Ամռանը, զարգացած փոխանակության պայմաններում միջուկները հայտնվում են ավելի բարձր շերտերում, ինչը բերում է երկրի մակերևույթում կոնցենտրացիայի նվազմանը և աճին ավելի բարձր մակարդակներում։ Հարավային շրջաններում խտացնող միջուկների առավելագույն պարունակությունը մինչև 1500 մ բարձրությունները դիտվում է ամռան վերջին և աշնանը, իսկ նվազագույնը` գարնանը և ամռան սկզբին։ Այն պայմանավորված է ամռան վերջին գետնամերձ շերտի փոշոտվածության աճի հետ։
Նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խտացնող միջուկները ունեն որոշիչ նշանակություն ջրային գոլորշիների խտացման գործում։ Եթե օդում չլինեն խտացնող միջուկներ, ապա ջրային գոլորշիների խտացում տեղի չի ունենա անգամ 400-600 % հարաբերական խոնավության պայմաններում։ Սակայն, երբ օդի մեջ հայտնվեն անգամ չնչին քանակությամբ ծխի կամ փոշու մասնիկներ, ապա անմիջապես տեղի կունենա ջրային գոլորշիների խտացում։ Միջուկների նշանակությունն այն է, որ կաթիլի ուռուցիկ մակերևույթի վրա գոլորշիների հագեցման առանձգականությունն ավելի մեծ է, քան հարթ մակերևույթի վրա։ Կաթիլի փոքրացումը բերում է նրա ուռուցիկության և գոլորշիների հագեցման առանձգականության մեծացմանը։ Այդ պատճառով, եթե կաթիլներն առաջանային ջրային գոլորշիների մոլեկուլների անմիջական միացումով, ապա դրանք կլինեին այնքան փոքր և այնքան մեծ կորություն կունենային, որ դրանց գոյության համար անհրաժեշտ կլիներ ջրային գոլորշիների բավականին մեծ գերհագեցում։ Հակառակ դեպքում այդ կաթիլները կգոլորշանային օդում։ Սակայն, մթնոլորտում ջրային կաթիլների առաջացումը տեղի է ունենում առանց չափազանց մեծ գերհագեցման, որը լինում է խտացնող միջուկների շնորհիվ, որոնց վրա նստելով ջրային գոլորշիների մոլեկուլները առաջացնում են փոքր կորությամբ խոշոր կաթիլներ, որի հետևանքով գոլորշիների հագեցման առանձգականությունն այդպիսի կաթիլների մակերևույթների վրա դառնում են ավելի փոքր:Կաթիլների հետագա մեծացմանը ընդառաջ այն ավելի է փոքրանում և մոտենում է հարթ մակերևույթի վրա գոլորշիների հագեցման առանձգականությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թ.Գ. Վարդանյան, Վ.Գ. Մարգարյան, Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան 2014։