Խոտախառնուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոտախառնուրդ, միամյա կամ բազմամյա թիթեռնածաղկավոր և հացազգի խոտաբույսերի համատեղ ու միաժամանակ ստեղծված արհեստական խոտակայքեր։

Ըստ օգտագործման առանձնացվում են արոտային և քաղովի (միահար, երկհար, բազմահար) խոտախառնուրդ։ Լինում է պարզ՝ կազմված 2 տեսակ խոտաբույսերից (սուդանի խոտ + գարնանացան վիկ, միամյա ռայգրաս + ոլոռ, առվույտ բազմամյա + ռայգրաս և այլն), և բարդ՝ կազմված 3, 4 (և ավելի) տեսակ բույսերից (կարմիր երեքնուկ + սիզախոտ + շյուղախոտ և այլն)։ Խոտախառնուրդներն ապահովում են ավելի բարձր բերք և կերային շատ միավորներ, քան նրանց բաղադրամասերի մաքուր ցանքերը։

Խոտախառնուրդում թիթեռնածաղկավորների արմատների վրա գտնվող պալարաբակտերիաների կենսագործունեության շնորհիվ հողում ազոտի քանակն ավելանում է, լավանում է հացազգի բույսերի սննդառությունը։ Սպիտակուցների պարունակությունը հացազգի խոտերի մեջ ավելանում է 8 - 12%-ով՝ մաքուր ցանքերի համեմատությամբ։ Խոտախառնուրդում հացազգի բույսերը թիթեռնածաղկավորներին պահպանում են պառկումից և հեշտացնում բերքահավաքի մեքենայացումը։ Խոտախառնուրդի խոտը ավելի շուտ է չորանում, քան թիթեռնածաղկավորներինը։ Խոտախառնուրդից հետո մշակվող կուլտուրաների բերքը 10 - 15%-ով ավելի բարձր է, քան մաքուր ցանքերից հետո մշակելու դեպքամ։ Բազմամյա խոտախառնուրդի բերքատվությունը բարձր և համաչափ է օգտագործման բոլոր տարիներին։ Թիթեռնածաղկավոր խոտաբույսերն առավելագույն բերք են տալիս օգտագործման 1-ին, 2-րդ տարիներին, իսկ հացազգիները՝ սկսած 2-րդ տարվանից։ խոտախառնուրդից ստացված կանաչ զանգվածը և խոտը պարունակում են ավելի շատ սննդանյութեր, բարձր է կերի որակը և մարսելիությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 81