Խաղողենու թրիպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողենու թրիպս (լատին․՝ Drepanothrips reuteri U.), վնասատու միջատ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը՝ 1,25–1,5 մմ, ձուն սպիտակ՝ 0,1 մմ տրամագծով։ Ձմեռում են հիմնականում հասունները և մասամբ՝ վերջին հասակի թրթուրները՝ վազի բնի կեղևի տակ։ Գարնանը միջատը սնվում է տերևների ստորին կողմում՝ ծծելով նրա բջջահյութը, վնասում աճման կոնին մոտիկ մատղաշ տերևները։ Վնասված տեղի բջիջների մահվան հետևանքով ջղերի ուղղությամբ առաջանում են շագանակագույն կետեր։ Վնասված տերևները հետագայում կուչ են գալիս և տեղտեղ պատռվում։ Վեգետացիայի ընթացքում սաստիկ վարակված տերևները չորանում են։ Ձվադրում են (ընդմիջումներով) տերևի վերնամաշկի մեջ։ Մեկ օրում էգը դնում է 3–20 ձու, իսկ կյանքի ընթացքում՝ 50–60։ Ձվի զարգացումը գարնանը և աշնանը տևում է 6–10 օր, իսկ ամռանը՝ 4–6 օր։ Ձվից դուրս եկած թրթուրները շատ փոքր են։ Դրանք 4 անգամ մաշկափոխվելով՝ 1-ին և 2-րդ նիմֆայի փուլերն անցնելուց հետո դառնում են թևավոր հասուն թրիպսներ, որոնք մայիսի վերջերից կատարում են միգրացիա, իսկ հունիսի վերջերին՝ վերադառնում։ Հասուն միջատները խաղողի վազի տերևների վրա մեծ քանակությամբ լինում են գարնանը, երբ դուրս են գալիս առաջին տերևները։ Ձմեռում են հիմնականում բեղմնավորված էգերը և քիչ քանակությամբ՝ վերջին հասակի թրթուրները։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է այգեգործական շատ երկրներում, Հայաստանում՝ բոլոր այգեգործական շրջաններում։ Միջատը տարվա ընթացքում տալիս է 6 սերունդ։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրսկումներ՝ միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։