Խաղաղության համաշխարհային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խաղաղության համաշխարհային խորհուրդ (ԽՀԽ), խաղաղության կողմնակիցների շարժման բարձրագույն և ղեկավար մարմինը։ Ստեղծվել է 1950 թվականի նոյեմբերին, Վարշավայում՝ Խաղաղության կողմնակիցների համաշխարհային II կոնգրեսում։

ԽՀԽ-ն ուղղություն է տալիս և կոորդինացնում տարբեր երկրների խաղաղության կողմնակիցների գործունեությունը՝ համաշխարհային նոր պատերազմը կանխելու, ժողովուրդների միջև փոխըմբռնումը և համագործակցությունը ամրապնդելու նպատակով, պայքարում է հանուն ընդհանուր զինաթափման, պաշտպանում է ազգային անկախության համար ժողովուրդների պայքարը։ Հաճախ հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակիցների շարժման կարևոր միջոցառումների նախաձեռնող ու կազմակերպիչ և համագործակցում է միջազգային այլ խաղաղասեր կազմակերպությունների հետ։

Խաղաղության պայքարի գործին մատուցած ակնառու ծառայությունների համար ԽՀԽ առանձին մարդկանց և կազմակերպությունների պարգևատրում է Ժոլիո-Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալով։ ԽՀԽ նստաշրջաններ է ունենում 2 - 3 տարին մեկ։ Խորհրդի ղեկավար մարմիններն են՝ Նախագահությունը (ստեղծվել է 1959 թվականին՝ ԽՀԽ-ի նախագահ Ֆ. Ժոլիո-Կյուրիի մահից հետո) և Քարտուղարությունը՝ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ (1966 թվականից՝ Ռ. Չանդրա, Հնդկաստան)։ Քարտուղարության նստավայրը Հելսինկին է։ 1959 - 1965 թվականներին ԽՀԽ-ի գործադիր նախագահն է եղել Զ. Բեռնաչը, 1965 - 1969 թվականներին կոորդինատոր նախագահը՝ Ի. Բչյումը։ ԽՀԽ հրատարակում է «Խաղաղության սուրհանդակ» (անգլ., ֆրանս., գերմ. և իսպ.) և «Նոր հեռանկարներ» (անգլ. և ֆրանս.) ամսագրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png