Լուսնյակի լույս (նկար)
| տեսակ | բնանկար |
|---|---|
| նկարիչ | Վարդան Մախոխյան |
| տարի | 1903 թվական |
| ժանր | բնանկար |
| գտնվում է | Հայաստանի պետական պատկերասրահ |
| հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| հիմնական թեմա | ծովի մակերևույթը լուսնյակ գիշերին, քնարական տրամադրությամբ տեսարան՝ շվեդական բնապատկերների շարքից |
Ծանոթագրություններ | |
Լուսնյակի լույս, Վարդան Մախոխյանի ծովանկարներից, որտեղ ուշադրություն է գրավում հսկայական ժայռը, որը վիթխարի զանգվածով ուրվագծված է լույսով ողողված երկնքի ֆոնին։ Ժայռի զանգվածայնությունը և մեղմորեն մակընթացող ալիքների նյութականությունը չեն խախտում գիշերային լռիկ խորհրդավորությունը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովանկարը հրապուրիչ է գիշերվա պատրանք ստեղծող ամպամած, բայց լուսավոր, ընդարձակ երկնքով, մինչև հորիզոն սփռված լույսի վառ լույսով ողողված ծովի մակերևույթով և ծովափին վեր խոյացած հսկայական ուղղաձիգ ժայռով, որի թողած տպավորությունը մեծ է։ Նկարն ունի համոզիչ կոմպոզիցիա, ժայռի, ծովի և երկնքի ներդաշնակ հարաբերաչափեր, լույսի և ստվերների տրամաբանված բաշխումներ։ Առարկաների զանգվածների, նյութականության, հեռանկարի կանոնների ճշգրիտ պահպանման շնորհիվ ոչ միայն լուսնյակ գիշերվա տպավորությունն է լիուլի զգացվում, այլև մարդու հոգին է համակվում բնության պարգևած հոգեպարար զմայլանքով։ Ըստ երևույթին, պատկերի ստեղծման շարժառիթը վիթխարի ժայռն է եղել՝ կարծես թե կառուցված մարդու ձեռքով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Եղիշե Մարտկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987
