Լուսերեսն ու Վարդերեսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսերեսն ու Վարդերեսը
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Տեսակհեքիաթ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1914-1915

«Լուսերեսն ու Վարդերեսը», Թումանյանի հեքիաթներից, որի սյուժեն 1914-1915 թվականներին նա վերցրել է Գրիմ եղբայրների հեքիաթներից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինում է, չի լինում՝ մի աղքատ որբևայրի կին։ Ապրելիս է լինում մի փոքրիկ տնակում։ Տնակի առջև մի պարտեզ է ունենում, պարտեզի մեջ՝ երկու վարդի թուփ, մինը՝ սպիտակ վարդի, մյուսը՝ կարմիր։ Ունենում է երկու աղջիկ՝ Լուսերեսն ու Վարդերեսը։ Միայն թե Լուսերեսն ավելի հանգիստ էր ու քնքուշ, իսկ Վարդերեսն՝ ավելի աշխույժ։ Շատ էր պատահում, որ նրանք անտառում էին քնում, բայց կենդանիները նրանց չէին վնասում։ Մի անգամ կրկին անտառում քնելուց հետո արթնանում են ու իրենց առջև տեսնում մանուկների սպիտակ շորերով պահապան հրեշտակին, որն իրենց փրկել էր անդունդը գլորվելուց։ Մի ձմռան օր արջը գալիս է նրանց տուն և խնդրում, որ թողնեն մի քիչ տաքանա։ Նրան մեծ սիրով հյուրընկալում են։ Առավոտյան արջը գնում է դեպի անտառը, երբ հարցնում են, թե ուր է գնում, նա պատասխանում է, թե գնում է չար թզուկներից իր գանձերը պաշտպանի, քանի որ նրանք գողանում են։ Մայրը աղջիկներին ուղարկում է անտառ՝ ցախի։ Աղջիկները անտառում ընկած ծառի տակ տեսնում են մի թզուկի, որ այս ու այն կողմ էր թռչկոտում։ Թզուկի մորութը մնացել էր ծառի տակ, և աղջիկները, որպեսզի փրկեն նրան փոքր-ինչ կտրում են թզուկի մորուքից։ Թզուկը նրանց հայհոյելով՝ ոսկով լիքը պարկը գցում է ուսին ու հեռանում։ Որոշ ժամանակ անց աղջիկները գետափին կրկին հանդիպում են թզուկին, որին մի մեծ ձուկ փորձում էր կուլ տալ։ Նրանք վրա են հասնում՝ ազատելու թզուկին, բայց քանի որ թզուկի մորուքը փաթաթված էր կարթին, նրանք ստիպված կտրում են թզուկի մորուքից։ Այստեղ նա ավելի է բարկանում և ասւմ, թե ինչպես պետք է երևա իր տանեցիներին։ Այս ասում է և մարգարտով լի պարկն ուսը գցում ու գնում։ Մի ուրիշ անգամ անտառում աղջիկները արծվի ճիրաններից ազատում են նույն թզուկին։ Այդ պահին թզուկը չի հասցնում փախչել, և արջը վրա է հասնում ու բռնում նրան և մի զարկով հանգցնում։ Արջի մորթին ընկնում է և տակից դուրս է գալիս մի գեղեցիկ պատանի՝ ոտքից գլուխ ոսկու մեջ թաղված։ Նա պատմում է, որ ինքը թագավորի տղա է և այդ թզուկն իրեն կախարդել ու արջ էր սարքել։ Գնում գտնում են այն բոլոր գանձերը, որ դիզել էր թզուկը։ Թագավորի տղան ամուսնանում է Լուսերեսի հետ, իսկ եղբայրը՝ Վարդերեսի։ Հետներն առնում են և աղջիկների պառավ մորը, գնում հետ իրենց աշխարհը, ապրում են ուրախ ու երջանիկ։ Ու սրանցից մեկի լուսամուտի տակ սիպտակ վարդի թուփն է ծաղկում, մյուսի լուսամուտի տակ՝ կարմիր վարդի թուփը[1]։

Թումանյանը և հեքիաթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական հեքիաթները, որոնք ձևավորվել են վաղնջական ժամանակներում, շարունակել են իրենց նորանոր դրսևորումներով զարգանալ մինչև մեր ժամանակները։ Աղայանից հետո հեքիաթագրության մեջ փայլեց Թումանյանը։ Նա հեքիաթներ գրում էր և՛ մեծերի, և՛ փոքրերի համար։ Ճիշտ է եղել են բազմաթիվ քննադատողներ, բայց նրա հեքիաթները գնահատվել, սիրվել և ընդունվել են գրեթե բոլորի կողմից։

Թումանյանը ժողովրդական բանահյուսության բացառիկ սիրահար էր։ Այդ իսկ պատճառով նա բանահյուսությունից վերցնում էր նույնիսկ ամբողջական նույնական հատվածներ։ Թումանյանը գիտեր, որ հեքիաթում մարդը հասնում է իր նպատակին, բարին հաղթում է չարին, և իր բոլոր հեքիաթներն էլ կերտել է այդ սկզբունքով։ Նա մի զրույցի ժամանակ իր դստերը՝ Նվարդին, ասել է. «Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է. նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում»։ Թումանյանը էպիկ գրող է և հիմնականում գրել է իրապատում հեքիաթներ։ Իր իրապատում հեքիաթների մեծ մասը նա վերցրել է ժողովրդական պատումներից, որոնց հարազատ է մնացել։ Թումանյանը հայ երեխաների համար թարգմանել է հնդկական, ռուսական, արաբական և այլ լեզուներով գրված հեքիաթներ։ Եվրոպացի գրողներից հայերենի է փոխադրել Գրիմմ եղբայրների, Շառլ Պերոյի հանրահայտ հեքիաթները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լուսերեսն ու Վարդերեսը».
  2. Թումանյան. «Թումանյան» (PDF).