Լակտացիա (լատիներեն՝ Lacto բառից՝ պարունակում եմ կաթ, կերակրում եմ կաթով), կաթի առաջացման, կուտակման և պարբերաբար արտազատման պրոցես կնոջ և կաթնասուն կենդանու կաթնագեղձում։ Լ. սկսվում է ծննդաբերությունից հետո և շարունակվում մինչև կաթի արտազատման դադարը։ Կաթն առաջանում է արյան բաղադրամասերից կաթնագեղձի ալվեոլների էպիթելային (սեկրետոր) բջիջներում։ Ընթանում է չորս փուլով, արյունից «նախակաթի» ներծծում էպիթելային բջիջներում, կաթի բաղադրամասերի սինթեզում, բջիջների ցիտոպլազմայում սինթեգվող նյութերի կազմավորում և կուտակում, կաթի արտազատում ալվեոլների խոռոչի և կաթնագեղձի այլ ծավալների մեջ (օրինակ, կաթնամբար)։ Կաթի սպիտակուցները սինթեզվում են արյան ամինաթթուներից, կաթնաշաքարը՝ գլյուկոզից, կաթնայուղը՝ չեզոք և ազատ ճարպաթթուներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 476)։