Լազերային կապ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Լազերային կապ, օպտիկական կապ, օպտիկական տիրույթի էլեկտրամագնիսական տատանումներով իրագործվող կապ։ Ռադիո և հաղորդալարային կապի գոյություն ունեցող համակարգերի համեմատությամբ Լազերային կապը օժտված է երկու հիմնական առավելություններով՝ լուսային տիրույթի հաճախային հարստությամբ (հավասար տեխնիկական հնարավորությունների դեպքում Լազերային կապը թույլ է տալիս տասնյակ հազար անգամ մեծացնել հեռախոսակապի կանալների և հեռուստածրագրերի թիվը) և հաղորդման տարածական նեղ ուղղորդվածությամբ (այս հանգամանքը հնարավորություն է ընձեռում վւոքր հզորություններով հեռավոր կապ իրագործել)։ Բաց գծերով (մթնոլորտային) Լազերային կապի ամենալուրջ թերությունը օդերևութաբանական պայմաններից ունեցած կախումն է. մառախուղը, ձյունը կամ պարզ եղանակի դեպքում օդի շերտերի անկանոն հոսանքները (տուրբուլենտությունը) զգալիորեն նվազեցնում են Լազերային կապի հուսալիությունը։ Այդ հանգամանքը խթանել է փակ կանալներով (լուսատարային) Լազերային կապի հնարավորությունների ուսումնասիրությունը։ Առավել հեռանկարային է ապակե մանրաթելային Լազերային կապ, քանի որ այդպիսի կանալը (բազմաջիղ ճկուն կաբելի տեսքով) զերծ է ինչպես մթնոլորտի, այնպես էլ արտաքին էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից։ Մթնոլորտային Լազերային կապի իրագործման փորձերն սկսվել են 1962 թվականին (ԱՄՆ)։ Առաջին փորձնա-շահագործական հեռախոսային (բազմականալ) գծերը գործարկվել են 1967—1968 թվականին, Մոսկվայում և Հայաստանում (Երևան-Բյուրական տեղամասում)։ Դրանցում օգտագործվել է անընդհատ գործողության հեւիում-նեոնային լազեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 473)։ |