Ինքնախթանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փափուկ կամ այլ հաճելի մակերևույթ ունեցող առարկաներ շոշափելը ինքնախթանման վարքի սովորական դրսևորում է:

Ինքնախթանող վարք, հայտնի է նաև ստիմ[1] կամ ինքնախթանում[2] անվանումով, ֆիզիկական շարժումների, ձայների կամ բառերի կրկնություն, կամ առարկաների կրկնողական շարժումներ, որոնք բնորոշ են զարգացման խանգարումներ ունեցող մարդկանց, սակայն առավելապես հանդիպում են աուտիզմ ունեցող անձանց մոտ[2][3]: Երբեմն այս վարքը հանդիպում է տագնապային խանգարումների, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման, ուշադրության պակասի և գերակտիվության խանգարման և Տուրետի համախտանիշի ժամանակ, ինչպես նաև նյարդաբանական խանգարումներ կամ գլխուղեղի վարակներ տարած մարդկանց մոտ[4][5]: Այն համարվում է զգայական գերխթանմանը տրվող պաշտպանական արձագանք, որի միջոցով մարդն ինքն իրեն հանգստացնում է՝ արգելափակելով նվազ կանխատեսելի միջավայրային ազդակները, որոնց նկատմամբ բարձր զգայունակություն ունի[2][6]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնախթանման վարքի պատճառների վերաբերյալ տեսությունները և մոտեցումները տարբեր են, քանի որ վարքի պատճառները ևս միանշանակ չեն: Օրինակ, ստիմերը կարող են զգայական բավականություն առաջացնել կամ ծառայել զգայական ազդակների կարգավորմանը: Մեկ այլ մոտեցմամբ՝ գլխուղեղի՝ այս վարքերի համար պատասխանատու բաժիններում որոշակի անբավարարություն կա, կամ ինքնախթանումը նյարդային համակարգում էնդորֆին է արտադրում[7]: Որոշ մասնագետներ ինքնախթանման վարքի պատճառներից են համարում նաև զգայական գործընթացների խանգարումը[6], ուրիշները ինքնախթանումը դիտարկում են որպես տագնապը և այլ հույզերը նվազեցնելու եղանակ[8]:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուտիզմի հետ կապված ինքնախթանման վարքերը կարող են ներառել ինչպես ամբողջ մարմինը (օրինակ՝ պտտվելը), այնպես էլ առանձին շարժումներ: Առաջինի դեպքում դրանք ազդում են մարմնի վեստիբուլյար զգայական համակարգի վրա՝ ապահովելով հավասարակշռությունը և տարածության մեջ կողմնորոշումը: Այլ ստիմեր կապված են մեկ կամ մի քանի զգայության հետ[7]. ձեռքերը թափահարելը, ճոճվելը, աչքերը չափազանց հաճախ կամ ամուր թարթելը, պտտվող առարկաների վրա կենտրոնանալը, տարբեր մակերևույթ ունեցող առարկաներ շոշափելը կամ խուսափելը, առարկաներ հոտոտելը, ձայներ կամ բառեր կրկնելը, գլուխը հարվածելը, մատներով ճտացնելը, առարկաները պտտելը և այլն[7][9][10]: Աուտիզմի ժամանակ ինքնախթանման վարքը գրեթե միշտ դրսևորվում է, սակայն այն անհրաժեշտորեն չի ենթադրում աուտիզմի ախտորոշում[11]: Աուտիկ և ոչ-աուտիկ ինքնախթանման վարքերի հիմնական տարբերությունները կապված են ստիմի տեսակի և վարքի հաճախականության և ինտենսիվության հետ[11]: Ինքնախթանման վարքերը դասակարգվում են ըստ այն զգայարանի/զգայարանների, որի խթանման հետ կապված են: Ըստ այս ցուցանիշի լինում են տեսողական, խոսքային կամ լսողական, հոտառական, համի (ներառյալ կծելը, լպստելը, բերանի խոռոչի հետ կապված զգացողությունները) շոշափողական, վեստիբուլյար[12]:

Հետևանքներ և միջամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնախթանումը երբեմն խանգարում է ուսման և աշխատանքի բնականոն ընթացքին, այլ դեպքերում այն վերաճում է ինքնավնասման և կարող է վտանգավոր լինել[7]: Հետևաբար ստիմեր ունեցող մարդու ընտանիքի անդամները, ուսուցիչները, գործատուները հետաքրքրված են իմանալ, թե ինչպես այդ վարքերը կարող են վերահսկվել, կամ արդյոք պետք է արգելել դրանք: Այս տեսանկյունից դրական է, որ ստիմային վարքերը կարող են նվազել միջավայրային ներգործությունների և ինքնավերահսկողության հմտություններ սովորեցնելու միջոցով: Այնուամենայնիվ, մինչև միջամտելը հարկավոր է նախ պարզել վարքի պատճառները: Աուտիզմ ունեցող շատ երեխաներ և մեծահասակներ նշում եմ, որ ստիմերը օգնում են հարմարվել միջավայրին: Կրկնվող լինելու պատճառով դրանք հեշտությամբ կարող են վերածվել սովորությունների և ինքնին հաճելի լինել՝ ինքնակարգավորման որևէ գործառույթ չկատարելով: Իրականում ինքնախթանման վարքը բազմաթիվ կարևոր գործառույթներ է կատարում: Եթե այն խանգարում է մարդուն ավելի նշանակալի գործունեություն կատարել կամ կարող է ֆիզիկական վնաս հասցնել, ապա պետք է կասեցվի: Պատիժը չպետք է գործածվի որպես ինքնախթանման վարքի կասեցման միջոց: Առավել արդյունավետ ռազմավարություն է ինքնախթանման վարքի աստիճանական նվազեցումը՝ սոցիալապես ընդունելի փոխարինող վարք սովորեցնելու[13], ստիմերը որպես բնական խրախուսանք օգտագործելու և ինքնակառավարման հմտություններ սովորեցելու ճանապարհով[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rosalind Bergemann (2013)։ An Asperger Leader's Guide to Living and Leading Change։ Jessica Kingsley Publishers։ ISBN 9780857008725 
  2. 2,0 2,1 2,2 Valerie Foley (2011)։ The Autism Experience։ ReadHowYouWant.com։ ISBN 9781458797285 
  3. Stephen M. Edelson, Ph.D.։ «Self-Stimulatory Behavior»։ Autism Research Institute 
  4. «Is Stimming Always Autism? | LoveToKnow»։ LoveToKnow (անգլերեն)։ Վերցված է 2018-03-23 
  5. Insights TMI: Tourette Mama (2017-09-16)։ «Stimming, Tics & ADHD: The More You Know»։ TMI: Tourette Mama Insights։ Վերցված է 2018-03-23 
  6. 6,0 6,1 Gretchen Mertz Cowell (2004)։ Help for the Child with Asperger's Syndrome: A Parent's Guide to Negotiating the Social Service Maze։ Jessica Kingsley Publishers։ ISBN 9781846420429 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «STIMMING: WHAT IS IT AND DOES IT MATTER?»։ https://www.carautismroadmap.org։ The Children's Hospital of Philadelphia: Research Institute: Center for Autism Research 
  8. Eileen Bailey (15 July 2011)։ «Autism Spectrum Disorders and Anxiety»։ Health Central։ Վերցված է 25 March 2014 
  9. Eileen Bailey (27 August 2012)։ «Stimming»։ Health Central։ Վերցված է 25 March 2014 
  10. «Stimming: What autistic people do to feel calmer»։ BBC։ 5 June 2013։ Վերցված է 25 March 2014 
  11. 11,0 11,1 Lisa Jo Rudy (13 October 2009)։ «Stimming»։ About.com։ Վերցված է 24 March 2014 
  12. Christina Sebastian։ «Everyone Stims: When To ReDirect Evaluating Self-Stimulatory Behaviors»։ https://www.cigna.com/static/www-cigna-com/docs/individuals-families/bhs-autism-2016-july-handout.pdf։ Վերցված է 16.02.2019 
  13. Խումբ Play Therapy Group/Խաղային Թերապիայի (2018-11-07)։ «ՍՏԻՄԵՐ-ՓՈԽԱՐԻՆՈՂ ՎԱՐՔԵՐ / STIMMING AND REPLACEMENT OPTIONS»։ Play Therapy Group (ru-RU)։ Վերցված է 2019-02-16