Jump to content

Ինտեգրալ երկրաչափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտեգրալ երկրաչափություն, ժամանակակից երկրաչափության ճյուղ։ Անմիջականորեն կապված է երկրաչափական հավանականությունների տեսության հետ։ Ուսումնասիրում է երկրաչափական տարրերի բազմություններում (ուղիղներ հարթության վրա, ուղիղներ և հարթություններ տարածության մեջ և այլն) չափեր մտցնելու եղանակները ինչպես նաև այդ չափերով ինտեգրալների հատկությունները։ Ինտեգրալ երկարաչափության զարգացման համար խթան են եղել երկրաչափական հավանականությունների վերաբերյալ խնդիրները, որոնցից առաջինն ու ամենահայտնին է Բյուֆոնի խնդիրը (1777 թվականին), այն է՝ միմյանցից h հեռավորության վրա գտնվող զուգահեռ ուղիղներով ծածկված հարթության վրա նետվում է t<հ երկարության ասեղ, որքան է հավանականությունն այն բանի, որ ասեղը կհատի ուղիղներից մեկը։

Ինտեգրալ երկրաչափության բնագավառում ներդրում ունեն Օգյուստեն Լուի Կոշին, Ջ. Սիլվեստրը, Մորգան Քրոֆտոնը և ուրիշներ։ Ինտեգրալ երկրաչափության տերմինը 1936 թվականին առաջարկել է գերմանացի երկրաչափ Վիլհելմ Բլյաշկեն, որը Ինտեգրալ երկրաչափության գլխավոր նպատակն էր համարում երկրաչափական (այդ թվում իզոպերիմետրական) անհավասարությունների արտածումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 351
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինտեգրալ երկրաչափություն» հոդվածին։