Ժառանգությունից հրաժարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժառանգման իրավունք
Հայաստանի զինանշան

Ներկայացված տեղեկատվությունը՝
ըստ Հայաստանի
ներպետական օրենսդրության



Ժառանգությունից հրաժարում, ժառանգի կամքի արտահայտման ձև, որի առնչակցությամբ իրավահարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով։ Ինքնին, ժառանգությունից հրաժարվելը կամ այն չընդունելը քաղաքացիական իրավունքում ընդունված միակողմանի գործարք է, որի արդյունքում ժառանգը հրաժարվում է իր ժառանգությունից կամ մասնաբաժնից՝ հօգուտ այլ անձի (անձանց) կամ առանց մատնանշելու որևէ սուբյեկտի, հօգուտ որի կատարվում է ժառանգությունից հրաժարումը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 74-րդ գլուխը նվիրված է ժառանգությունից հրաժարվելու օրենսդրական հիմունքներին, ինչպես նաև դրա արդյունքում ծագած իրավահարաբերությունների կարգավորմանը։ Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից[1]։

Օրենսդրական կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգությունից հրաժարումը և դրա արդյունքում ուղղակիորեն ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ Մասնավորապես, այսօրինակ իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումն ամրագրված է վերոնշյալ օրենսդրական ակտի 74-րդ գլխում։

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի՝

Aquote1.png Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը։
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 74, հոդված 1230
Aquote2.png

Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը։ Ժառանգությունից հրաժարվելու գործարքն իր բնույթով միակողմանի գործարք է։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և Նոտարիատի մասին ՀՀ օրենքի վերլուծությունից բխում է, որ ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ միակողմ գործարքը ենթակա է նոտարական վավերացման։ Ընդ որում, ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ փաստաթղթի նոտարական վավերացման պահից սկսած ժառանգությունից հրաժարումը նոտարի կողմից չի կարող վերացվել, այսինքն՝ ժառանգությունից հրաժարման գործարքը այս համատեքստում անվերադարձ է [2]։։ Այս հանգամանքը, սակայն, չի բացառում համապատասխան հիմքերի առկայության դեպքում ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ գործարքի վիճարկումը դատական կարգով։

Ինքնին, ժառանգությունից հրաժարման գործընթացի տեսական արդյունքը ծառայում է հօգուտ մեկ այլ անձի, որը ևս դառնում է իրավահարաբերության մասնակից։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը այս հարցի շուրջ ունի հետևյալ մոտեցումը, որը սահմանված է նշյալ օրենսգրքի 1233-րդ հոդվածի առաջին մասով[2][3]։

Aquote1.png Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով։
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 74, հոդված 1231
Aquote2.png


Ժառանգությունից հրաժարվելու հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգը ժառանգությունից (կամ ժառանգության իր մասնաբաժնից) հրաժարվում է հօգուտ մեկ այլ անձի, որն էլ ինքնաբերաբար դառնում է իրավահարաբերության մասնակից։ Հակառակ դեպքում, վերջինս պարզապես չի ընդունում ժառանգությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (հոդված 1231) նախատեսում է, որ ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով։

Միևնույն ժամանակ, վերոնշյալ հոդվածի երկրորդ մասով սահմանվում են այն օրենսդրական արգելքները, որոնց առկայության պայմաններում հօգուտ այդ անձը չի կարող փոխանցվել ժառանգությունը։ Այսպիսով, ի շահ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել`

  • կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին.
  • ժառանգության պարտադիր բաժնից.
  • եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ։

Միջազգային պրակտիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տեսաբանների՝ ժառանգության բացման պահին անձի (որը նշյալ իրավահարաբերությունում հանդես է գալիս որպես ժառանգ) մոտ առաջացող ժառանգման իրավունքն իր մեջ ընդգրկում է ոչ միայն ժառանգությունն ընդունելու հնարավորություն, այլև այդ իրավունքից  հրաժարվելու իրավունք։ Ժառանգության ընդունումը, չընդունումը, բաժանումը, դրանից հրաժարվելը կամ նմանօրինակ այլ որոշումների կայացումը պետք է կատարվի անձի ազատ կամահայտնության սկզբունքի տրամաբանությամբ։ Ինչպես Հայաստանում և Արցախի Հանրապետությունում, այնպես էլ աշխարհի պետությունների մեծագույն մասում, ժառանգության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերը նախատեսում են, որ ժառանգությունից հրաժարվելու իրողությունը համապատասխան մարմնին պետք է ներկայացվի գրավոր տեսքով։ Միացյալ Թագավորության մաս կազմող Անգլիայում և Ուելսում ժառանգությունից հրաժարվելու համար անհրաժեշտ է դիմել դատարան, որն էլ իրավասու է վերացնել անձի իրավունքները ժառանգության նկատմամբ։ Այդ ընթացքում, դատարանը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում բարեխղճորեն (օրենքի պահանջով) իրականացնում է գույքի տնօրինումը։ Դատարանը ժառանգությունից հրաժարվող անձից կարող է պահանջել երդում առ այն, որ նա այդ քայլով չի հետապնդում որևէ անարդարացի նպատակ։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնց առկայության պայմաններում անձինք հակված են հրաժարվել ժառանգությունից։ Օրինակ՝ երբ ժառանգության ընդունումից հետո այն ինքնաբերաբար անցնելու է պարտատերերին կամ պետության կողմից ենթարկվելու վարչական բռնագանձման։ Բացի այդ, ժառանգության ընդունումը կարող է նպաստել մի շարք հարկատեսակների սահմանմանը, կամ անձի կողմից վճարվող հարկատեսակների տոկոսադրույթների բարձրացմանը։ Միջազգային պրակտիակն ցույց է տալիս, որ նման դեպքերում այսօրինակ իրավահարաբերությունների մասնակիցներն առավել նպատակահարմար են գտնում հրաժարվել ժառանգությունից՝ հօգուտ իրենց իրավաջորդների կամ այլ մտերիմ անձանց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ի՞նչ կարգով անձը կարող է հրաժարվել ժառանգությունից»։ Iravaban.net։ 2017, հունվարի 14 
  2. 2,0 2,1 «Հաճախ տրվող հարցեր»։ www.e-notary.am։ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատ։ Վերցված է 2020-01-09 
  3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք»։ www.arlis.am։ Վերցված է 2020-01-09