Jump to content

Թռչունների խոլերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թռչուների խոլերա, սուր վարակիչ հիվանդություն։ Հարուցիչները պաստերելների խմբի օդակյաց, ոչ սպորավոր ցուպիկներն են։ Ընթացքը՝ գերսուր, երբեմն՝ քրոնիկական։ Գերսուրի դեպքում առանց նախորդող որևէ ախտանշանների թռչունները հանկարծակի ընկնում են և հաճախ զանգվածաբար սատկում։ Թռչունները վարակվում են հիվանդների արտաթորանքներով աղտոտված կերն ուտելուց և հիվանդների հետ ընդհանուր ջրման ժամանակ։ Հիվանդությունը տարածում են չվեկ թռչունները, աղավնիներն ու արագիլները։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդները խմբվում են, նստում կուչ եկած։ Փետուրները՝ գզգզված են, թևերը՝ կախ ընկած, քայլվածքը՝ երերուն, շնչառություն>ը դժվարացած, կատարը և ականջաբլթակները կապտակարմրավուն, բերանից և քթից երբեմն հոսում է փրփրանման հեղուկ, առաջանում է սրընթաց լուծ, թռչուններն ամբողջովին թուլանում են և ընկնում ջղաձգություններից։

Կանխարգելիչ միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություններում բերվող թռչունների մանրակրկիտ զննում և կարանտինի սահմանում։ Հիվանդություն հայտնաբերելիս հիվանդ թռչունների մեկուսացում, առողջ թռչունները բաժանում են փոքր խմբերով և տեղավորում թռչնանոցի տարբեր հատվածամասերում։ Վարակված թռչնանոցները մեկուսացնում են։ Իրականացվում է մանրակրկիտ վարակազերծում։ Խորհուրդ է տրվում խմելու ջրին ավելացնել վարակազերծող նյութեր՝ պղնձարջասպ (3 լ ջրին 20 գ), կալիումի պերմանգանատ (500 մաս ջրին 1 մաս)։ Սուր ընթացքի դեպքերում թռչունների ողջ գլխաքանակը պատվաստում են հակախոլերային շիճուկով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։